«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը եւ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Եվրամիության հայաստանյան գրասենյակում հանդիպեցին Եվրամիությունում նախագահող Իսպանիայի արտաքին գործերի նախարար Միգել Անխել Մորատինոսի ղեկավարած պատվիրակությանը:
Հանդիպման ժամանակ «Ժառանգության» ներկայացուցիչները Միգել Անխել Մորատինոսին փոխանցեցին Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական հաստատությունների գործունեության վերաբերյալ վերլուծություն եւ տեղեկատվություն: Նրանք, մասնավորապես, անդրադարձան այնպիսի խնդիրների, ինչպիսիք են` մարտի 1-ի չբացահայտված ոճրագործությունն ու կատարված հանցագործությունների համար անպատիժ մնացած պաշտոնյաներն ու անձինք, բանտերում առկա 13 քաղբանտարկյալները, էլեկտրոնային լրատվամիջոցների անմատչելիությունն ընդդիմադիր կուսակցությունների համար եւ այլն:
Հայաստանի եվրաինտեգրմամբ շահագրգիռ «Ժառանգությունը» օրվա հրամայական համարեց ընտրական համակարգի բարեփոխումը` առաջիկայում ազատ եւ արդար ընտրություններ կազմակերպելու նպատակով, հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտի բարեփոխումները, մասնավորապես` «Հ1»-ի վերակազմավորման միջոցով այնպես, որ հանրային հեռուստաեթերը մատչելի լինի ընդդիմադիր ուժերին` ընտրողների հետ հաղորդակցվելու առումով, «Ա1+»-ի վերաբացումը` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման կատարման լույսի ներքո:
Նախարար Միգել Անխել Մորատինոսի խնդրանքով «Ժառանգության» պատգամավորները ներկայացրեցին նաեւ կուսակցության դիրքորոշումը հայ-թուրքական գործընթացի եւ արձանագրությունների վերաբերյալ: «Ժառանգության» ներկայացուցիչները անվստահություն հայտնեցին ներկա մեթոդաբանությանը` իբրեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տանող ուղի, եւ հրամայական համարեցին հաշտեցման համալիր մոտեցումը, որով հիմնարար լուծում կստանան անցյալի ու ներկայի բոլոր բաժանարար հարցերը, հաղորդում է կուսակցության մամլո ծառայությունը: