3 մարտի 2010 - 13:00 AMT
ԱՄՆ Կոնգրեսի կողմից Ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը կարող է նոր գործընթացների հանգեցնել Կովկասում

ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումն էականորեն կփչացնի Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ հարաբերությունները: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԼՂՀ նախկին ԱԳՆ ղեկավար Արման Մելիքյանը: Նրա խոսքերով, ԱՄՆ Կոնգրեսի այդ քայլը կարող է տարածաշրջանում նոր գործընթացների առաջացման պատճառ դառնալ, օրինակ ռուս-թուրքական հարաբերությունների խորացման: ԼՂՀ նախկին ԱԳՆ ղեկավարը չի բացառում, որ ռուս-թուրքական մերձեցումը կարող է խնդիրներ ստեղծել Հայաստանի համար ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:

Միաժամանակ Արամ Մելիքյանը նշել է, որ ԱՄՆ վերջին ժամանակներն այնպիսի քաղաքականություն է վարում, որը կհեռացնի Անկարային Վաշինգտոնից:

Իր հերթին իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը նշել է, որ եթե մինչեւ ապրիլի 24 (Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր) Թուրքիան չվավերացնի Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրությունները, ապա Պետրոսյանի կարծիքով, Երեւանը կարող է դադարեցնել Թուրքիայի հետ սկսած գործընթացը: