3 մարտի 2010 - 16:38 AMT
Սեպտեմբերին Մոսկվայում լույս կտեսնի «Սարյանն ու Մոսկվան» գիրքը

«Ընթացիկ տարում Մոսկվայում լույս կտեսնի «Սարյանն ու Մոսկվան» գիրքը»,-Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում ասել է Մ.Սարյանի անվան տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը: Գիրքը տեղեկություններ կպարունակի հայտնի նկարչի կյանքի եւ գործունեության մասին, նրա մատենագրությունն ու այլ տեղեկատվություն, սակայն գիրքը դեռ անավարտ է, ուստի Ռ.Սարյանը չկարողացավ առավել մանրամասն տեղեկություններ հաղորդել: Նա նշեց, որ գրքի ստեղծմանը կմասնակցեն Տրետյակովի պետական պատկերասրահի տնօրեն Իրինա Լեբեդեւան եւ թանգարանի պատկերասրահի գլխավոր ֆոնդապահ Տատյանա Զելյուկինան:

Նա նշել է նաեւ, որ սեպտեմբերի 10-ին Ա.Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանում կբացվի «Հայ եւ ռուս նկարիչների գլուխգործոցները Հայաստանի թանգարաններից» ցուցահանդեսը, որտեղ կներկայացվեն Սարյանի 15 կտավներ, որոնցից 5-ը` նկարչի երեւանյան տուն-թանգարանից, իսկ 10-ը` Հայաստանի ազգային պատկերասրահից:

Ռուզան Սարյանն ընդգծել է նաեւ, որ կցանկանար Մ.Սարյանին նվիրված գիտաժողով կազմակերպել եւ հրավիրել Հայաստանի ու Ռուսաստանի առաջատար արվեստագետներին, սակայն նշել է նաեւ, որ առավել հարմար կլիներ այդ գիտաժողովն անցկացնել Մոսկվայում սեպտեմբերին, նկարչի մասին գրքի շնորհանդեսի ու ցուցահանդեսի օրերին: