3 մարտի 2010 - 19:14 AMT
Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացման համար ոչ մի հիմք չկա

Ներկա պահին Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացման համար ոչ մի հիմք չկա: Եւ նրանք, ովքեր խոսում են այդ մասին, թող հիմնավորեն իրենց պնդումների օրինականությունը: Այսօր Երեւանում ԼՂՀ ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնեց Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը` մեկնաբանելով Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հայտարարությունը:

Պետրոսյանի խոսքով, ՀԱԿ-ը հայ հասարակայնության աչքերում վաղուց արդեն կորցրել է իր հեղինակությունը եւ այժմ փորձում է ժողովրդական զայրույթի ալիք բարձրացնել, ինչը նրան, թերեւս, չի հաջողվի:

Արման Մելիքյանն իր հերթին նկատեց, որ արտահերթ ընտրությունների անցկացումը ՀԱԿ խնդիրը չէ: «ՀԱԿ-ն ընդամենը փաստեր է բերում, որոնք կարող են հանգեցնել իշխանափոխության»,- ընդգծեց փորձագետը:

Գազի սակագների բարձրացման մասին որոշումը վիճարկելու համար դատարան դիմելու մասին ՀԱԿ մեկ այլ հայտարարության առնչությամբ Պետրոսյանը նկատեց, որ հասարակական ծառայությունների կարգավորման հանձնաժողովն արդեն ընդունել է որոշումը: Սակայն ՀԱԿ-ն իրավունք ունի այն վիճարկելու:

Արման Մելիքյանն ընդգծեց, որ հասարակական ծառայությունների կարգավորման հանձնաժողովի որոշման վիճարկման գործում ՀԱԿ-ը դժվար թե հաջողության հասնի, քանի որ Հայաստանում ամեն ինչ որոշում է մենատիրությունը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս գործընթացի առնչությամբ Մելիքյանը նկատեց, որ ներկա պահին «ֆուտբոլային դիվանագիտության» շնորհիվ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պաշտոնական հռետորությունն արդեն դաժանացել է: «Այժմ Թուրքիան երկարաձգում է ստորագրված Արձանագրությունների վավերացման գործընթացը, քանի որ արդեն ստացել է այն ամենը, ինչ ցանկանում էր, եւ ձգտում է հասնել ավելիին»,- նշեց նա:

ՀՀԿ խմբակցության պատգամավորն իր հերթին նկատեց, որ Արձանագրությունների ստորագրմամբ Թուրքիան ոչ մի հաջողության չի հասել: Այլապես ինչպե՞ս կարելի է բացատրել նրա արձագանքը Արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշման վերաբերյալ: «Թուրքիային հարկավոր է Արձանագրությունների վավերացումը, եւ եթե նա իր խորհրդարանում չվավերացնի այդ փաստաթղթերը մինչեւ ապրիլի 24-ը, ապա Հայաստանը հավանաբար կդադարեցնի գործընթացը»,- նկատեց նա: