4 մարտի 2010 - 11:29 AMT
Հայաստանի Փաստաբանների պալատի խորհուրդ. Բարաք Օբաման ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Հայաստանի Փաստաբանների պալատի խորհուրդը սխալ է համարում այն պնդումները, թե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը` չարտասանելով «ցեղասպանություն» բառեզրը: Ինչպես ասվում է Խորհրդի տարածած հայտարարության մեջ, անհրաժեշտ է ձերբազատվել միջազգային հանրության շրջանում արմատավորված այն թյուր ընկալումից, թե ԱՄՆ նախագահը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, քանի որ չի արտասանել «ցեղասպանություն» բառեզրը:

«Ցեղասպանություն» բառեզրը համեմատաբար նոր տերմին է, սահմանման հեղինակը հրեական ծագում ունեցող լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինն է, որը շրջանառության մեջ դրեց այդ տերմինը 1944 թվականին: Մինչ այդ ցեղասպանության զոհ դարձած ժողովուրդը տալիս էր իր անվանումները` «Հոլոքոսթ» եւ Մեծ Եղեռն:

«Բարաք Օբաման օգտագործեց «Մեծ եղեռն» հայերեն տերմինը, որն առավել ժամանակակից «ցեղասպանություն» տերմինի հոմանիշն է»,-ասվում է հայտարարության մեջ:

Հայաստանի Փաստաբանների պալատի խորհուրդն իր հայտարարության մեջ ընդգծել է նաեւ, որ «Մեծ եղեռն» բառեզրը օգտագործվել է 2 անգամ եւ որակվել է որպես հայ ժողովրդի ոչնչացման փորձ: «Ակնհայտ է , որ «Մեծ եղեռն» բառեզրը ԱՄՆ նախագահն օգտագործել է այն նույն իմաստով, որով օգտագործում ենք մենք` հայերս:

Հաշվի առնելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարեւորությունը ապագայում հանցագործությունների կանխարգելման համար, մենք համարում ենք, որ ժամանակն է իրերն իրենց անունով կոչել եւ դատապարտել «Մեղ եղեռնը»` հստակ որակելով այն որպես ցեղասպանություն եւ բացառելով որեւէ երկիմաստություն: Այս առնչությամբ, մենք բոլորս բարձր ենք գնահատում ԱՄՆ կոգրեսի նախաձեռնությունը եւ կոչ ենք անում ընդունել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը»,-ասվում է փաստաթղթում: