4 մարտի 2010 - 14:25 AMT
Ուկրաինան շահագրգռված է Հայաստանի հետ տնտեսական եւ քաղաքական հարաբերությունների խորցաման մեջ

Ուկրաինայի համար Հայաստանը բարեկամական երկիր է, եւ ուկրաինական կողմը շահագրգռված է Երեւանի հետ ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական հարաբերությունների հետագա զարգացման մեջ: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Բոժկոն: Նրա խոսքերով, չնայած նրան, որ 2009-ին ճգնաժամի պատճառովՀայաստանի եւ Ուկրաինայի միջեւ ապրանքաշրջանառության ծավալները կրճատվել են մոտ 30 տոկոսով, կողմերը հույս ունեն, այս ամառ հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստը նոր խթան կհանդիսանա հարաբերությունների զարգացման համար: Նա հայտնեց, որ Ուկրաինայի նախկին նախագահը Սերժ Սարգսյանին հրավիրել էր Կիեւ, եւ երկրի գործող նախագահն ամենայն հավանականությամբ կհաստատի այդ հրավերը: «Մենք հույս ունենք, որ այդ այցի ընթացքում Հայաստանի նախագահին ուղեկցելու են նաեւ հայ գործարարներ»,- ասել է դեսպանն, ավելացնելով, որ Գերագույն ռադայի նախագահի գալիք այցը Երեւան կնպաստի միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը:

Ալեքսանդր Բոժկոն հայտարարեց, որ Ուկրաինան դրական է գնահատել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների ստորագրումը եւ լավատեսորեն առաջընթաց է ակնկալում:

Պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին ՎՈՒԱՄԻ-ի վերաբերյալ, Ուկրաինայի դեսպանը նշեց, որ տարածաշրջանում յուրաքանչյուր երկիր իր շահերն է հետապնդում, եւ, ելնելով դրանից, բարեկամներ է ընտրում: «Ուկրաինան բարեկամական հարաբերություններ է պաշտպանում թե Հայաստանի, թե Վրաստանի, եւ թե Ադրբեջանի հետ: Մենք առաջարկել ենք Հայաստանին մասնակցել կազմակերպության աշխատանքներին որպես դիտորդ»,- ասել է ուկրաինացի դիվանագետը: Նա նշեց, որ ՎՈՒԱՄ-ն այժմ լրջորեն ուշադրություն է դարձնում տնտեսական կապերին եւ չբացառեց, որ ապագայում կազմակերպության մոտեցումները կփոխվեն: