4 մարտի 2010 - 16:04 AMT
Ադրբեջանցի հակերները կոտրել են «Միտք» վերլուծական կենտրոնի կայքէջը

Մարտի 4-ի առավոտյան ադրբեջանցի հակերները կոտրել են «Միտք» վերլուծական կենտրոնի կայքէջը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է կենտրոնի նախագահ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, կայքէջը գործում էր հնացած համակարգի հիման վրա, ուստի այն հեշտությամբ կարելի էր կոտրել: «Առաջիկա մեկ ժամում mitq.org կայքէջի աշխատանքը կվերականգնվի: Բացի այդ, պատրաստ է մեր կենտրոնի նոր կայքը` ac-mitq.org հացեով»,-ասել է նա:

Ըստ նրա, ադրբեջանական կողմի հակաօրինական գործողությունները կապված են նրա հետ, որ Հայաստանը վերջերս կարողանում է հաջողությամբ հակահարված տալ հակահայկական քարոզչությանը, որ վարում է Ադրբեջանը: Մասնավորապես, ներկայացվել են Խոջալուի իրադարձությունների կեղծման ապացույցները xocali.net. կայքում:

«Միտք» վերլուծական կենտրոնը վերլուծում է Հարավային Կովկասում եւ սահմանակից շրջաններում ազգային, քաղաքական, տնտեսական գործընթացները : Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Հարավային Կովկասի երկրների փոխհարաբերությունների վրա միջազգային ռազմական, քաղաքական, տնտեսական կազմակերպությունների հետ: Հետազոտություններով ու վերլուծությամբ զբաղվում են հետազոտական խմբերի փորձագետներ եւ մասնագետներ: