4 մարտի 2010 - 16:07 AMT
Ղարաբաղի շուրջ բանակցություններում դադար է

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում զգալի առաջընթաց չկա եւ պետք չէ արմատական փոփոխություններ ակնկալել: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Արցախի Հանրապետության ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: Նա նշել է, որ բանակցություններում այժմ դադար է, քանի րո Ադրբեջանը շարունակում է խեղաթյուրել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության էությունը, մեթոդաբանությունն ու հեռանկարները: Վահրամ Աթանեսյանը հայտարարել է, որ ԼՂՀ-ն հակամարտության լուծումը համարում է Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման արդեն կայացած իրավունքի ճանաչումը եւ համարում է, որ այս խնդրի լուծումը առանց բանակցություններում Ստեփանակերտի պաշտոնական ներկայացուցչի հնարավոր չէ: «Հակամարտությունը լուծում չի գտնի, քանի դեռ ԼՂՀ-ն չի մասնակցում բանակցություններին: Բանակցային գործընթացի ձեւաչափը պետք է այն տեսքը ստանա, որի մասին ասվում է ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի փաստաթղթերում»,-ասել է ԼՂՀ խորհրդարանի ներկայացուցիչը:

Նա ասել է, որ Արցախի Հանրապետության իշխանությունները քայլեր են ձեռնարկում ղարաբաղցիների հայրենադարձության ուղղությամբ, օրինակ բերելով Շահումյանի շրջանը, որտեղ արդեն բնակչության աճ է նկատվում:

Անդրադառնալով ԼՂՀ-ի կողմից Աբխազիայի անկախության ճանաչմանը եւ հակառակը` Վ.Աթանեսյանն ասել է, որ Արցախի Հանրապետությունը շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի անկախության հռչակման կապակցությամբ: «Բակո Սահակյանի մասնակցությունը Սերգեյ Բաղապշի երդմնակալության արարողությանը վկայում է այն մասին, որ երկրները փոխադաչձաբար ճանաչում են միմյանց անկախությունը եւ ինձ թվում է, որ այդ փաստը, առաջիկայում, կամրագրվի դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ»,-ասել է ԼՂՀ խորհրդարանականը: