4 մարտի 2010 - 18:34 AMT
Լոս Անջելեսում տեղի է ունենալու հայ նկարիչ Արթուր Սարգսյանի ցուցահանդեսը

ՄԱՆ-ում Լոս Անջելեսում «1927» պատկերասրահում տեղի է ունենալու հայ նկարիչ Արթուր Սարգսյանի ցուցահանդեսը, որն աչքի է ընկնում յուրահատուկ ոճով:

Արթուր Սարգսյանի աշխատանքներն անցյալը եւ ներկան կապող կամուրջ են: Նա համատեղում է հին լուսանկարները, նամակները եւ վառ նկարները ժամանակակից առարկաների հետ: Նրա աշխատանքները հագեցած են մշակույթով եւ պատմությամբ: Աշխատանքի ընթացքում նա կիրառում է վրձնահարվածներ եւ աշխատանք մածկիչով: Նրա ստեղծագործություններից յուրաքանչյուրը պատմում է անհատական եւ համընդհանուր պատմություն:

«Սարգսյանի աշխատանքները միաժամանակ ամբողջական են եւ մասերի ընդհանրություն, եւ նրանք մեզ հետ խոսում են տարբեր տեսողական պատկերներով»,- 2006-ին բնութագրել է նկարչի կատալոգը հայտնի ամերիկյան քննադատ Պիտեր Ֆրենկը:

Արթուր Սարգսյանի ցուցահանդեսը բաց է լինելու մինչեւ 2010-ի ապրիլի 2-ը:

Արթուր Սարգսյանը ծնվել է 1960-ին Գյումրիում, հետո տեղափոխվել է Երեւան: 1977-ին ավարտել է Գյումրիի գեղեցիկ արվեստների դպրոցը, 1989-ին` Երեւանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղանկարչության բաժինը: 1989-ից սկսած նրա նկարները ցուցադրվում են Հայաստանի եւ արտասահմանի տարբեր ցուցահանդեսներում: Առաջին անհատական ցուցահանդեսը կազմակերպվել է 1994-ին: