4 մարտի 2010 - 20:50 AMT
Էդ Ռոյս. Հայոց ցեղասպանության մասին բանաձեւն ուղղված չէ Թուրքիայի դեմ

«Կալիֆոռնիա նահանգն արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը եւ այժմ ԱՄՆ Կոնգրեսի հերթն է»,- ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման եւ Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւի ընդունման հարցի վերաբերյալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի լսումների ժամանակ հայտնեց Կալիֆոռնիա նահանգից կոնգրեսական Էդ Ռոյսը:

Կոնգրեսականի խոսքով, այս բանաձեւն ուղղված է այն բանին, որպեսզի ԱՄՆ-ն ճանաչի եւ արձանագրի Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության իրագործման փաստը: «Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Միացյալ Նահանգները հետ են մնացել աշխարհի մյուս երկրներից»,- նկատեց նա:

Դրա հետ մեկտեղ Էդ Ռոյսն ընդգծեց, որ այդ բանաձեւն ուղղված է ոչ թե Թուրքիայի, այլ Օսմանյան կայսրության իրագործած հանցագործության դեմ: «Այնպես որ պետք է ճանաչել Ցեղասպանությունն ու չենթարկվել ճնշմանը»,- ընդգծեց կոնգրեսականը: