Թուրքիան շարունակում է հանդես գալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւի դեմ: Այդ կապակցությամբ Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավուդօղլուն հանդես է եկել հայտարարությամբ: «Երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը հնարավոր է բանակցությունների ճանապարհով: Երրորդ կողմի միջամտությունը Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերություններին բարդացնում է տվյալ գործընթացը»,- ընդգծել է Դավուդօղլուն: «Թուրքիան ճնշման տակ որոշումներ չի ընդունի: Երեկվա որոշումը ոչ միայն դանդաղեցրեց կարգավորման գործընթացը, այլ կարելի է ասել, որ ստեղծված իրադրության մեջ մենք հավակնում ենք դադարեցնել այն: Նման որոշումները չեն կարող չհանգեցնել որեւէ տեղաշարժի»,- նշել է Դավուդօղլուն:
«Ինչու է քննարկվում միայն Թուրքիայի ու Հայաստանի միջեւ հաշտության հարցը: Այդ հարցի շուրջ պետք է մտածեն մեր ամերիկյան, արեւմտյան բարեկամները: Պարզ եւ հստակ հարցադրում կա. քննարկվում է Թուրքիայի ու Հայաստանի միջեւ հաշտությունը: Մենք ուղղակիորեն հարցնում ենք` արդյո՞ք նրանք խաղաղություն են ցանկանում: Թող պատասխանեն այդ հարցին»,- հայտնել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն 23 «կողմ» եւ 22 «դեմ» ձայներով ընդունեց Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը: Պրոֆիլային կոմիտեում քվեարկությունից հետո բանաձեւը Ներկայացուցիչների պալատ կուղարկվի վերջնական քվեարկության համար: