13 մարտի 2010 - 13:05 AMT
Հայաստանում գոհունակությամբ են ընդունել Շվեդիայի խորհրդարանի որոշումը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նամակ է հղել Շվեդիայի Թագավորության Ռիգստագի նախագահ Պեր Վեստերբերգին: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Հայաստանում գոհունակության եւ երախտագիտության զգացում ունեցանք` տեղեկանալով Շվեդիայի խորհրդարանում 1915թ. Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունման մասին: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին շնորհակալություն եմ հայտնում Ձեզ եւ ի դեմս Ձեզ` Շվեդիայի խորհրդարանին` մարդկության պատմության ամենաողբերգական էջերից մեկին` հայոց ցեղասպանությանը ճշմարտացի ու արժանապատիվ հայացքով նայելու եւ արդարամիտ որոշում կայացնելու համար»:

«Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելով` դուք ձեր ներդրումն եք անում աշխարհում նման ողբերգությունների կրկնությունը հետագայում կանխելու եւ ժողովուրդների ճակատագրերի դեմ ուղղված անմարդկային քայլերը բացառելու գործընթացում: Կարծում եմ, որ իր պատմական որոշումով Շվեդիայի խորհրդարանը հետամուտ լինելով համամարդկային արժեքների դավանմանը, նպաստում է նաեւ հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղությանն ու կայուն զարգացմանը»,-ասվում է ՀՀ ԱԺ նախագահի նամակում, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: