3 դեկտեմբերի 2001 - 22:22 AMT
ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԵԱՀԿ-ԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ` ԳՈՐԾԵՐԻ ԻՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՆ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՈՒՂԱՐԿԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը նամակներ է հղել ԵԱՀԿ գործող նախագահ Միրչե Ջոանին եւ Մինսկի խմբի համանախագահներին, որտեղ առաջարկել է` ԵԱՀԿ հովանու ներքո կազմավորել առաքելություն, որը լիազորված կլինի ուսումնասիրել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին այն բոլոր բնագավառներում, որոնք հետաքրքրություն են ներկայացնում ԵԱՀԿ համար: Ինչպես հայտնի է, Ադրբեջանը վերջերս օգտագործելով ամենաբարձր ամբիոնները, ԼՂՀ վարկաբեկելու նպատակով, մտացածին մեղադրանքներ է ներկայացնում ահաբեկիչների պատրաստման, թմրանյութերի փոխադրման, միջուկային մնացուկների թաղման նպատակով ղարաբաղյան տարածքների օգտագործման վերաբերյալ:«Հուսով եմ, որ չնայած ադրբեջանական կողմի հակազդեցությանը, որը սովորաբար խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղ միջազգային առաքելությունների ուղարկմանը, մեր առաջարկությունը դրական արձագանք կգտնի եւ կիրականացվի կարճ ժամկետում»,- ասվում է Արկադի Ղուկասյանի դիմումում:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: