18 մարտի 2010 - 11:15 AMT
Վաշինգտոնը կրկին ահազանգում է Անկարային Արձանագրությունները շուտափույթ կերպով վավերացնելու համար

ԱՄՆ-ը կարծում է, որ հայ-թուրքական հարաբերությունների մասին Արձանագրությունների վավերացումը, որը կհանգեցնի դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն եւ սահմանը բացելուն, պատմական քայլ կդառնա եւ կնպաստի տարածաշրջանում անվտանգության եւ տնտեսական բարգավաճման հաստատմանը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը: «Մենք բարձր ենք գնահատում ջանքերը, որոնք գործադրվել են այս ուղղությամբ եւ կոչ ենք անում երկու կողմերին առանց նախապայմանների եւ շուտափույթ կերպով վավերացնել Արձանագրությունները: Այդ մասին նախագահ Օբաման ասել է նաեւ իր թուրք գործընկեր Աբդուլլահ Գյուլին երկու շաբաթ առաջ հեռախոսազրույցի ընթացում»,- ասել է Գորդոնը: Նա ավելացրել է, որ հայ-թուրքական գործընթացում ընդգրկված բոլոր խաղացողները պետք է նպաստեն դրա առաջընթացին:

Անդրադառնալով վերջերս ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւին` Ֆիլիպ Գորդոնը, մեջբերելով նախագահ Օբամայի հայտարարությունները, ասաց, որ ԱՄՆ-ը նախկինի նման շահագրգռված է փաստերի լիարժեք, բաց եւ ճշմարիտ ճանաչման մեջ` կապված «1915-ի դեպքերի հետ»: «Այս առումով լավագույն ճանապարհն այն է, որ հայ եւ թուրք ժողովուրդներն իրենք լուծեն իրենց պատմությունը եւ դա պետք է նրանց ջանքերի մասը դառնա խաղաղություն եւ բարգավաճում հաստատելու գործում»,- ասել է Գորդոնը, ավելացնելով, որ 252 բանաձեւը կարող է խանգարել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը եւ հենց այդ պատճառով ԱՄՆ վարչակազմը նրա դեմ է հանդես գալիս: