23 մարտի 2010 - 10:57 AMT
Ուլի Վեգներ. Մենամարտի հետաձգումը բարենպաստ է ազդել Արթուրի վրա
Հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի մարզիչ Ուլի Վեգներն ասել է, որ իր սանը պատրաստ է հաղթել Անդրե Դիրելին, որի հետ կհանդիպի «Super Six World Boxing Classic» մրցաշարի շրջանակներում: «Դիրելն իրոք շատ ուժեղ բռնցքամարտիկ է,-հայտարարել է Վեգները fightnesw.com-ին: Նրա հանկարծահաս հարձակումները շատ վտանգավոր են, ուստի Արթուրը պետք է հետեւողականորեն կատարի իր ծրագիրը, որը մենք բարելավել ենք վերջին շաբաթներին եւ այդ դեպքում նա կհաղթի»:

Մարզիչը նշել է նաեւ, որ մենամարտի տեղափոխումը մարտի 6-ից մարտի 27-ը, օգտակար եղավ Արթուրի համար: «Երբ մենք մարզվում էինք Փալմ Սփրինգսում, Արթուրը ոչ մի կերպ չէր կարողանում լավագույն մարզավիճակ ձեռք բերել: Նա ուղղակի չէր հասցնում հանգստանալ: Նրան մշտապես մեծ թվով ընկերներ էին այցելում: Նրանք շատ հաճելի այցելուներ էին, սակայն այդ ամենը այնքան էլ համատեղելի չէ մենամարտին պատրաստվելու հետ»,-ասել է Վեգները:

Նա նշել է, որ երբ նրանք տեղափոխեցին մարզական ճամբարը Քինբաում, Աբրահամն ավելի կենտրոնացավ մենամարտի վրա: «Սկզբում ես դժգոհ էի մենամարտի հետաձգումից, սակայն, ճիշտն ասած, դա բարենպաստ անդրադարձավ նաեւ մեզ վրա: Քինբաումում Արթուրը կարողացավ կենտրոնանալ նախապատրաստման վրա եւ բարելավել իր մարզավիճակը»,-ասել է Վեգները: