23 մարտի 2010 - 19:52 AMT
Ս. Սարգսյան. ««Փոխզիջում» հասկացության մեջ առանցքային գաղափարը փոխադարձությունն է, եւ պետք է գիտակցել, որ նման իրավիճակներում միակողմանի զիջումները միայն խորացնում են առկա վտանգներն ու սպառնալիքները»
Ես միշտ նշել եմ, որ որեւէ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է լուծում փնտրել դրանց դրդապատճառների եւ ոչ թե հետեւանքների տիրույթում: Այլապես դա նույնն է, ինչ հիվանդությունը բուժելու փոխարեն փորձել վերացնել դրա դրսեւորումները:

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը տասնամյակների անարդարությունն ու ճնշումները փորձեց հանգուցալուծել իրավական ճանապարհով` ԽՍՀՄ օրենսդրության եւ միջազգային իրավունքի շրջանակներում: Դրան հակադրվեց բռնի ուժ, այդ ժողովրդին բնաջնջելու փորձ: Սկսվեց տարիներ տեւած, ծրագրված ռազմական գործողություն Արցախի դեմ. օրական հարյուրավոր ռումբեր էին նետվում Ստեփանակերտի վրա:

Դրան ի պատասխան` Արցախի ժողովուրդը կարողացավ համախմբվել եւ պաշտպանել իր հայրենիքը, սրբավայրերը, կանանց, երեխաներին ու ծերերին: Անվտանգությունն ամրապնդելու համար Ղարաբաղի շուրջ ձեւավորվեց անվտանգության գոտի: Այդպես հաճախ է լինում պատերազմների ժամանակ, բայց պատերազմը մեր նախընտրությունը չէր:

Ի հակառակ Ադրբեջանի պնդումներին` այդ գոտին մեր կողմից ոչ բնակեցվում եւ ոչ էլ շահագործվում է: Երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն եւ ստեղծվեն անվտանգության եւ զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին, իհարկե, պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը: Ես բազմիցս հայտարարել եմ այդ մասին: Բայց «փոխզիջում» հասկացության մեջ առանցքային գաղափարը փոխադարձությունն է, եւ պետք է գիտակցել, որ նման իրավիճակներում միակողմանի զիջումները միայն խորացնում են առկա վտանգներն ու սպառնալիքները: