23 մարտի 2010 - 20:20 AMT
Սերժ Սարգսյան. Թուրքիայի կողմից շրջափակումը ոչ այլ ինչ է, քան ուժի կիրառման մի միջոց
«Ես սխալ եմ համարում հայ-թուրքական գործընթացը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապելու` որոշ երկրների փորձերը»,- հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սիրիական Al-Watan թերթին տված հարցազրույցում: «Ինձ հաճախ հարցնում են, թե ինչպես պետք է ներկայացնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստերը, եւ, արդյոք, ճանաչելով ցեղասպանությունը` որեւէ երկիր չի վնասի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ ընդհանուր առմամբ` Հարավային Կովկասի անվտանգությանը: Ես պատասխանում եմ, որ կան բազմաթիվ երկրներ, որոնք այդ հարցում փաստերի ներկայացման կարիք չունեն, քանի որ այդ երկրները Հայոց ցեղասպանության վերաբերյալ ունեն սեփական հսկայական արխիվներ»,- նշել է նա:

Սերժ Սարգսյանի խոսքով, ցեղասպանությունը ճանաչելով անվտանգությանը վնասելու մտավախությանը նույնն է, ինչ ընտրություն առաջարկել անվտանգության եւ արժեքային համակարգի միջեւ: «Կարծում եմ, որ մեր տարածաշրջանում տեւական անվտանգությունը հնարավոր է միայն, եթե այն կառուցված է խորապես գիտակցված արժեքային համակարգի վրա: ԱՄՆ Կոնգրեսում քննարկվող բանաձեւն այդ երկրի ներքին գործն է, որին մենք չենք միջամտում, որքան էլ այն բարոյապես կարեւոր համարենք: Մենք Հայոց ցեղասպանության ճանաչումը չդարձրինք նախապայման Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բնականոն հարաբերություններ հաստատելու հարցում, քանի որ մեր սկզբունքային դիրքորոշումն է` բարելավել հայ-թուրքական հարաբերություններն առանց որեւէ նախապայմանի: Ճիշտ չեմ համարում փորձերը` կապելու այդ գործընթացն այլ երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հետ: Մի բան ինձ համար ակնհայտ է` որքան երկար տեւի մեր հարաբերությունները կանոնավորելու գործընթացը, այնքան կարող է աճել այդպիսի բանաձեւեր ընդունող պետությունների թիվը»,- նկատել է նա:

Ըստ ՀՀ նախագահի, որ թուրքական կողմի սահմանը փակ լինելու տնտեսական գինը Հայաստանի համար մեծ է` հաշվի առնելով թե` տարանցիկ ուղիների սակավությունը, թե` Հայաստանից դեպի Միջերկրական ծով տանող երկաթգծի անգործությունը: «Լինի դա արդյունաբերության, առեւտրի, թե ծառայությունների մատակարարում` մեր պետությունների միջեւ առկա է հսկայական չօգտագործված ներուժ: Սահմանի բաց լինելը կարող էր մեծ նշանակություն ունենալ նաեւ այլ երկրների, այդ թվում` Սիրիայի հետ Հայաստանի ապրանքաշրջանառության առումով: Բայց, կարծում եմ, որ այդ սահմանի փակ լինելու գինը շատ ավելի մեծ է քաղաքական հարթության մեջ: Շրջափակումը ոչ այլ ինչ է, քան ուժի կիրառման միջոցներից մեկը: Դա ոչ միայն վայել չէ 21-րդ դարում ապրող երկու հարեւան պետություններին, այլեւ հակասում է ՄԱԿ--ի կանոնադրությանը, միջազգային իրավունքի բազմաթիվ նորմերի: Թուրքիան ավելի ու ավելի շատ է փորձում դերակատարում ստանձնել տարածաշրջանում եւ միջազգային հարթակում: Նա հանդիսանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի եւ 20-ի խմբի անդամ, ձգտում է անդամակցել Եվրոպական Միությանը: Այդ ամենն անհամատեղելի է զարգացող տնտեսություն ունեցող հարեւան երկրի նկատմամբ միակողմանի տնտեսական պատժամիջոցներ գործադրելու հետ»,- ընդգծել է նա:

Սերժ Սարգսյանը նշել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը մի շարք մայրաքաղաքներում, նաեւ Երեւանում, խոսել է տարածաշրջանի երկրների միջեւ համագործակցության իր տեսլականի մասին` հատուկ նշելով Ռուսաստանը, Ադրբեջանը, Հայաստանը, Թուրքիան, Իրանը, ինչպես նաեւ, բնականաբար, Սիրիան: «Ես միանգամայն ընդունում եմ իմ գործընկերոջ` նախագահ Ասադի այդ ազնիվ տեսլականը: Նա հեռուն նայող քաղաքական գործիչ է, ով սիրում է իր երկիրը եւ սրտացավ վերաբերմունք է ցուցաբերում իր հարեւանների ու բարեկամների հանդեպ: Հայաստանը մշտապես հանդես է եկել տարածաշրջանային համագործակցության օգտին: Մենք համարում ենք, որ առկա խնդիրները լուծելու միակ ձեւը բանակցային սեղանի շուրջ դրանք քննարկելն ու լուծումներ գտնելն է: Երկրների միջեւ կարող են լինել հակասություններ եւ տարաձայնություններ, բայց համագործակցությունը դրանց հարթման լավագույն միջոցն է»,- ասել է նա` ավելացնելով, որ «մենք կողմ ենք` դիմելու համագործակցության կոնկրետ քայլերի` հստակեցնելու այն բնագավառները, որոնք կարող են փոխադարձ հետաքրքրություն եւ շահագրգռություն առաջացնել: Միայն այդ ձեւով է հնարավոր դանդաղ, բայց վստահորեն ճանապարհ հարթել դեպի բարդ եւ մեծ հարցերի լուծումը»: