26 մարտի 2010 - 15:19 AMT
Երեւանում աշնանը տեղի է ունենալու TEDx խորհրդաժողովը
Երեւանում ընթացիկ տարվա սեպտենբերի 25-ին տեղի է ունենալու TEDx խորհրդաժողովը «Հայաստանի ապագան սահմաններից դուրս» (Armenia's Future, Beyond Border) խորագրով: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ամերիկյան սոցիալական ձեռնարկատեր Ալեքսիս Օհանյանը: «Սա TED-ի ոչ պաշտոնական միջոցառումն է, սակայն առավել հաջող շնորհանդեսները պարտադիր տեղադրվելու են հիմնադրամի կայքում: Լավագույն փորձագետները կկիսվեն իրենց փորձով տեխնոլոգիաների, զվարճանքների եւ դիզայնի ոլորտում` ուղղված Հայաստանի ապագայի զարգացմանը»,- ասել է Ալեքսիս Օհանյանը: Նախատեսվում է, որ շնորհանդեսներով ելույթ են ունենալու ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան փորձագետները: Շնորհանդեսների թեմաներն առաջարկելու են եւ ընտրելու ինտերնետ օգտագործողները: Երեք օրում tedxerevan.com կայքում արդեն ներկայացվել են 25 գաղափարներ, որոնցից առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում այնպիսի թեմաներ, ինչպիսիք են զբոսաշրջության զարգացումը, մարդու իրավունքների պաշտպանությունը եւ շրջակա միջավայրի պահպանումը, ինչպես նաեւ Հայաստանին գերաարագ ինտերնետով ապահովելը:

TEDx-ը Երեւանում անցկացնելու նախաձեռնողն է «Պրոֆեսիոնալները հանուն քաղաքացիակայն հասարակության» հասարակական կազմակերության կառավարման անդամ Քրիստինա Սարգսյանը, որը դիմել է TED հիմնադրամ արտոնագիր ստանալու համար: «Արդեն երկու տարի է` ես TED խորհրդաժողովների երկրպագուն եմ: Կարծում եմ, որ մեզ պետք է նման միջոցառում. գաղափարների եւ նորարարությունների ոչ կոմերցիոն, անվերադարձ փոխանակում: Ես շնորհակալ եմ Ալեքսիս Օհանյանին, որն օգնեց արտոնագիր ստանալ այդ միջոցառումն անցկացնելու համար»,- ասել է Քրիստինա Սարգսյանը:

Ալեքսիս Օհանյանը TED խորհրդաժողովների անվանի խոսնակներից է: Նա նաեւ հայտնի է որպես reddit.com լրատվական ագրեգատորի եւ Breadpig սոցիալական ձեռնարկության հիմնադիր:

TED (TechnologyEntertainmentDesign-Տեխնոլոգիաներ, Զվարճանքներ, Դիզայն) մասնավոր ոչ կոմերցիոն հիմնադրամ է ԱՄՆ-ում: 1984-ից սկսած TED-ն անցկացնում է ամենամյա խորհրդաժողովներ, որոնք մի բեմում հավաքում են գիտնականների, քաղաքագետների, գործարարների, նկարիչների, երաժիշտների, ինժեներների եւ այլն: Շնորհանդեսների տեսագրությունները տեղադրված են հիմնադրամի պաշտոնական կայքում: TED դասախոսներից են ԱՄՆ նախկին նախագահ Բիլլ Քլինթոնը, նոբելյան մրցանանկիրներ Ջեյմս Ուոտսոնը եւ Մյուրեյ Գելլ-Մաննը, Wikipedia-ի հիմնադիր Ջիմմի Ուեյլսը, Google -ի հիմնադիրներ Լարրի Փեյջը եւ Սերգեյ Բրինը, Microsoft-ի հիմնադիր Բիլլ Գեյթսը: TEDx կազմակերպությանը Հայաստանում աջակցում են Civilitas հիմնադրամը եւ «Պրոֆեսիոնալները հանուն քաղաքացիակայն հասարակության» հասարակական կազմակերպությունը: