26 մարտի 2010 - 15:53 AMT
Վազգեն Սաֆարյան. Գազի իրացման ծավալները կկրճատվեն սակագների բարձրացման պատճառով
Տնտեսվարող սուբյեկտներից շատերը դեռեւս մինչ գազի սակագնի բարձրացումը, սկսեցին բարձրացնել իրենց ապրանքի ու ծառայությունների գները, եւ այժմ արդեն ավելի մեծ շահույթներ են ստանում, գտնում է կառավարման գծով փորձագետ Հարություն Մեսրոպյանը:
Մասնավորապես, ըստ նրա, անցած տարում մեծ շահույթով է աշխատել նաեւ «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունը, որը դեռեւս մինչ գազի սակագնի բարձրացումը բարձրացրել էլ էլեկտրաէներգիայի գինը:
Ըստ փորձագետի, գազի գների վերանայման հարցում կառավարությունը կարող է ազդակ հղել, որ աճն այդքան մեծ չլիներ, քանի որ «ՀայՌուսգազարդ» ընկերության բաժնետոմսերի 20 տոկսը պատկանում է պետությանը:
Իր հերթին, Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը, բացատրելով թե ինչ է հիմք հանդիսացել գազի սակագների վերանայման համար, ասել է, որ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ացյալ տարի գազը գնում էր 154 դոլարով 1 խմ գազի դիմաց, իսկ վաճառում էր բնակչությանը 266 դոլարով 1 խմ գազի դիմաց, լրացուցիչ ծախսերը կազմում էին 72 տոկոս, ինչը, նրանց գնահատմամբ, բարձր տոկոս է, ծախսերը կարող էին կազմել 40 տոկոսից ոչ ավելին: Ընթացիկ տարում, երբ սահմանում գազը կարժենա 180 դոլար խմ դիմաց, այսինքն 17 տոկոսով թանկ կլինի, բնակչության համար այն կկազմի 37,5 տոկոս:
Ինչպես նշել է միության նախագահը, անցյալ տարի «ՀայՌուսգազարդը» բացատրեց դա դրամ/ դոլար փոխարժեքի տատանումներով: Այդ համատեքստում նա հավելել է, որ այն պայմաններում, երբ գազը գնվելու է 180 խմ դոլարով, լրացուցիչ ծախսերը կկազմեն 89 տոկոս:
«Մենք պնդում ենք, որ ընկերությունը վերանայեց իր շահագործման ծախսերը, որոնք 2009-ին կազմել են 9,9 մլրդ դրամ, ինչը շատ մեծ գումար է: Հակառակ դեպքում գազի սպառման ծավալներն էլ ավելի կկրճատվեն: Մենք նաեւ տարաձայնություններ ունենք գազի կորուստների վերաբերյալ, որոնք կազմում են 5,37 տոկոս, ինչը բնականաբար ազդում է սակագների վրա»,-ասել է Սաֆարյանը:
Ըստ նրա, անցյալ տարի 2008-ի համեմատ իրացման ծավալները կրճատվեցին 20 տոկոսով: «Ընթացիկ տարում Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վերանայեց ընկերության հայտը 1,64 մլրդ խմ վաճառքի մասին եւ նախատեսեց 1,56 մլրդ խմ իրացում, 2009-ի 1,81 մլրդ խմ փոխարեն` բացատրելով դա նրանով, որ Երեւանի ՋԷԿ-ը առավել ռացիոնալ կծախսի գազն ու ծախսերը կկրճատվեն»,-հավելել է արդյունաբերողը: