Ղազախստանն, որպես ԵԱՀԿ գործող նախագահ, առաջարկում է այս տարի կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումն Աստանայում: Այդ մասին հայտարարել է այդ երկրի ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաեւը Մոսկվայում ԱՊՀ երկրների ԱԳՆ-ների ղեկավարների հանդիպմանը:
«Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Մադրիդյան սկզբունքների հիման վրա մենք ամեն կերպ կաջակցենք ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին եւ պատրաստ ենք Աստանայում կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը»,-ասել է Կանատ Սաուդաբաեւը: Նա նշել է, որ Ղազախստանն ԵԱՀԿ-ում իր նախագահության օրոք բոլոր ջանքերը կգործադրի ԱՊՀ տարածքի հակամարտությունների կարգավորման դրական միտումներին նպաստելու համար:
2010 թվականի հունվարի 1-ից նախագահությունն ԵԱՀԿ-ում Հունաստանից անցել է Ղազախստանին: