26 մարտի 2010 - 18:53 AMT
Անկարան ջանում է շահել հայկական Սփյուռքի համակրա՞նքը
Շվեդիայի խորհրդարանում եւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւերի ընդունումը, ըստ երեւույթին, թուրքական ղեկավարությանը ստիպեց մեղմացնել հայկական Սփյուռքի հանդեպ իր քաղաքականությունը: Ինչպես հաղորդում է CNN-Turk-ը, Թուրքիայի ԱԳ նախարար Ահմետ Դավուդօղլուն պատրաստակամություն է հայտնել կապեր հաստատել հայկական Սփյուռքի ներկայացուցիչների հետ:
«Մենք ցանկանում ենք կարգավորել հարաբերությունները ոչ միայն Հայաստանի, այլեւ հայկական Սփյուռքի հետ»,- ասել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը` ընդգծելով, որ սխալ է հայկական Սփյուռքը որպես «միատարր զանգված» դիտարկել:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին` Ահմետ Դավուդօղլուն ընդգծել է, որ այդ հարցին չի կարելի միակողմանի տեսակետից մոտենալ: «Մենք պետք է այնպիսի մթնոլորտ ստեղծենք, որում կկարողանանք ամբողջապես ընկալել, թե ինչ է տեղի ունեցել հայերի հետ, բայց նրանք նույնպես պետք է հարգանք ցուցաբերեն մեր հիշողությունների հանդեպ»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը:
Հայոց ցեղասպանությունը, իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ.: Այն XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:
Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին ու արտաքին քաղաքականություն: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքը: