26 մարտի 2010 - 19:12 AMT
Արմավիրում բացվեց Արարատբանկի 29-րդ մասնաճյուղը
Մարտի 26-ին Արմավիրի մարզիԱրմավիրքաղաքում բացվեց Արարատբանկ ԲԲԸ-ի նոր` 29-րդ մասնաճյուղը, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:
Արարատբանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանի խոսքով, Արմավիր քաղաքի կենտրոնում գտնվող Արարատբանկի նոր մասնաճյուղը բոլոր ծառայությունները մատուցող, բանկային նոր տեխնոլոգիաներով աշխատող, հարմարավետ ու ճաշակով կահավորված, Արարատբանկի ոճին համապատասխան մի կառույց է: Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, այն հնարավորություն կտա բոլոր արմավիրցիներին, Արմավիրի եւ հարակից մարզերի ողջ բնակչությանը` օգտվել Արարատբանկի մատուցած ծառայություններից, Արարատբանկի առաջարկներից եւ բանկային արտադրանքներից: Արմավիրցիներն այստեղ կարող են բացել բանկային եւ քարտային հաշիվներ, իրականացնել դրամական փոխանցումներ, օգտվել արագ դրամական փոխանցումների միջազգային շուրջ 10 հանրահայտ համակարգերից, ստանալ վարկեր փոքր ու միջին բիզնեսի, գյուղատնտեսության զարգացման համար, ինչպես նաեւ բնակարանների ձեռք բերման եւ վերանորոգման վարկեր, պատվիրել Արարատբանկի տեղական եւ միջազգային պլաստիկ քարտեր:
Շնորհավորելով արմավիրցիներին եւ բացման հանդիսավոր արարողությանը ներկա հյուրերին` Աշոտ Օսիպյանը նշեց, որ Արարատբանկը շարունակում է իր մասնաճյուղային ցանցի ընդլայնումը եւ 29-րդ մասնաճյուղը բացելով Արմավիրում, նպատակ ունի տեղի բնակչությանը մատուցել եվրոպական չափանիշներին համապատասխան որակյալ բանկային ծառայություններ, տրամադրել փոքր ու միջին բիզնեսի զարգացման միջազգային տեխնոլոգիաներով վարկեր եւ ընդհանրապես բանկային ծառայությունները մոտեցնել հասարակությանը եւ դրանցից օգտվելը դարձնել կենսակերպ:
Շնորհավորելով Արարատբանկի 29-րդ մասնաճյուղի բացման կապակցությամբ, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն իր հերթին նշեց, որ Արարատբանկի ներկայությունը Արմավիրում կմեծացնի մրցակցությունը բանկային շուկայում, որից էլ կօգտվի մարզի բնակչությունը:
Արարատբանկը ձեւավորվել է Հայաստանի ֆինանսական շուկայում 1991թ. գործող «Արմսվյազբանկի» վերակազմավորման արդյունքում: Բանկի բաժնետոմսերի շուրջ 74 տոկոսը ներկայումս պատկանում է «Ֆլեշ» ՍՊԸ-ին, որը գործում է մեծածախ եւ մանրածախ առեւտրի ոլորտում, իսկ 25 տոկոսը` Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկին: