27 մարտի 2010 - 15:12 AMT
Սեյրան Օհանյան. Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները խանգարում են ղարաբաղյան կարգավորման գործընթացին
Մարտի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ռոբերտ Բրադտկեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչը:
Ողջունելով հյուրերին` Ս. Օհանյանը շնորհակալություն է հայտնել Ռ. Բրադտկեին ԱՄՆ համանախագահի պաշտոնում նրա ծավալած ակտիվ աշխատանքի համար: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին` Ս. Օհանյանն ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները հարցի լուծումը տեսնում են միայն խաղաղ բանակցային գործընթացի միջոցով, իսկ Ադրբեջանի կողմից անընդհատ հնչող ռազմատենչ հայտարարությունները եւ սպառազինության կուտակումները խանգարում են գործընթացին` տարածաջրջանում ստեղծելով լարված մթնոլորտ:
Պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կգտնվի հակամարտության կարգավորման երկուստեք ընդունելի տարբերակ: Կողմերը փաստել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը հայ-թուրքական հարաբերությունների հետ փոխկապակցելն անընդունելի է:
Շփման գծում վստահության ամրապնդման միջոցառումների մասին խոսելիս Ս. Օհանյանը տեղեկացրել է, որ ՀՀ նախագահի որոշմամբ ս.թ. մարտի 3-ին տեղի ունեցած դեպքի հետեւանքով հայկական տարածքում գտնվող ադրբեջանցիների երկու դիակները եւ նախկինում ՀՀ տարածքում ձերբակալված ադրբեջանցի գերին հայկական կողմի մարդասիրական նախաձեռնությամբ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով կփոխանցվեն ադրբեջանական կողմին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցեր, հաղորդում է պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը: