12 հունիսի 2003 - 20:29 AMT
ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՄՏԱՀՈԳՈՒՄ Է ՀՆԱՐԱՎՈՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃՆՇՈՒՄԸ ՀԱՅԵՐԻ ԿՈՂՄԻՑ, ՈՐՈՆՔ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ» ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ
ԱՄՆ եւ Եվրոպայի մի շարք հեղինակավոր ապահովագրական ընկերություններ շարունակում են զբաղվել ժամանակին Օսմանյան Թուրքիայում բնակվող հայերի գործերով: Այդ առնչությամբ անհանգստություն արտահայտելով` Ամերիկայի թուրքական կազմակերպությունների վեհաժողովի նախագահ Էրջումենթ Քըլըչը նշել է, որ եթե 100-150 տարի առաջ այդ մարդկանց ապահովագրերի ընդհանուր արժեքը կազմում էր շուրջ 10 մլն դոլար, ապա այսօր այն կարող է հասնել մի քանի տրիլիոնի: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով թուրքական աղբյուրները, Քըլըչը նախազգուշացրել է, որ եթե «ժամանակին գործուն միջոցներ չձեռնարկվեն, հայերը «ցեղասպանության դիմաց փոխհատուցում» կպահանջեն ապահովագրական ընկերություններից, իսկ վերջիններս կարող են տրիլիոնավոր լիրայի հաշիվ ներկայացնել Թուրքիային»: «Արդյունքում Թուրքիան կարող է միայնակ հայտնվել ԱՄՆ հզոր բանկային համակարգի եւ ապահովագրական ընկերությունների առջեւ, որոնց ազդեցությունն ԱՄՆ-ում չափազանց մեծ է», - հայտարարել է Քըլըչը: Թուրքիայի համար վտանգավոր զարգացումները կանխելու նպատակով նա առաջարկում է դիմել ԱՄՆ հրեական եւ ճապոնական լոբբիների օգնությանը: Ինչպես գրում է թուրքական «Հյուրիեթ» թերթը, ԱՄՆ-ում բնակվող հայերն այս անգամ էլ մտադիր են տնտեսական ճնշում գործադրել Թուրքիայի նկատմամբ: Աղբյուրի համաձայն, հին ապահովագրերը պահպանած հայկական սփյուռքի ներկայացուցիչները պատրաստվում են «ցեղասպանության դիմաց փոխհատուցում» պահանջել Թուրքիայից, որին համարում են Օսմանյան Կայսրության ժառանգորդը: