21 նոյեմբերի 2001 - 20:01 AMT
ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՈՎ
ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ, դեսպան Դէվիդ Ջոնսոնը, ելույթ ունենալով ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում, Սպիտակ տան մտահոգությունն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրադրության կապակցությամբ: Նա շնորհակալություն է հայտնել այդ երկրի ղեկավարությանը ահաբեկության դեմ գլոբալ պայքարին սատարելու համար: Միեւնույն ժամանակ նա հատուկ նշել է, որ Միացյալ Նահանգները, ինչպես եւ նախկինում, համարում են, որ սեպտեմբերի 11-ի իրադարձությունները ընդգծում են մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության ու քաղաքացիական հասարակության զարգացման ապահովման անհրաժեշտությունը: Որպես Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման օրինակ Ջոնսոնը բերել է Ջանմիզա Միրզոյեւի գործը, որը մեղադրվում էր սպանությունում: Ըստ ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցչի հավաստման` այդ գործի վերաբերյալ քննությունն ու դատավարությունը անցկացվել են միջազգային նորմերի խախտումներով եւ առանց համապատասխան իրավական գործելակարգի»: «Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը Ադրբեջանում օրենքի իշխանությունը ամրապնդելու ուղղությամբ` Եզրափակիչ ակտում եւ ԵԱՀԿ այլ փաստաթղթերում ձեւակերպված ԵԱՀԿ-ի, ինչպես նաեւ այլ միջազգային կազմակերպությունների առջեւ իր ունեցած պարտավորությունների համապատասխան»,- հայտարարել է Ջոնսոնը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: