31 մարտի 2010 - 21:07 AMT
Խաչիկ Կոկոբելյան. «Ժառանգության» առաջարկը Կլոր սեղանի ձեւաչափ ստեղծելու մասին իրատեսական չէ

«Ժառանգություն» կուսակցության առաջարկը Կլոր սեղանի ձեւաչափ ստեղծելու մասին, որտեղ լինելու են Հայկական ազգային կոնգրեսը (ՀԱԿ), ՀՅ Դաշնակցությունը (ՀՅԴ), Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստանը» եւ «Օրինաց երկիրը», վիրտուալ եւ անիրատեսական է, քանի որ իրական քաղաքականության մեջ միավորվում են այն քաղաքական ուժերը, որոնք կարող են համատեղ լուծել քաղաքական խնդիրներ, իսկ «Ժառանգության» առաջարկության մեջ չի կարելի գտնել նույնիսկ երեք այդպիսի կուսակցություն: Այդ մասին Երեւանում հայտարարել է ՀՀՇ կառավարման անդամ Խաչիկ Կոկոբելյանը ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքերով, այդ առաջարկը տվյալ պահին անհնար է իրագործել:

Մարտի 30-ին «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որտեղ կոչ էր արել ընդդիամդիր ուժերին` Հայկական ազգային կոնգրեսին (ՀԱԿ), ՀՅ Դաշնակցությանը (ՀՅԴ), ինչպես նաեւ կոալիցիոն ուժերին` Հայաստանի Հանրապետական կուսակցությանը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցություններին մինչեւ արտահերթ կամ խորհրդարանական ընտրությունները գործող խորհրդարանի ցածր արդյունավետության պայմաններում ձեւավորել նոր քաղաքական ոչ ֆորմալ կենտրոն Կլոր սեղանի ձեւաչափում: