1 ապրիլի 2010 - 16:28 AMT
Հայաստանում նվազել է որսագողության քանակը

«Եթե Հայաստանում ներմուծենք որսորդության քաղաքակիրթ մեթոդներ, որսորդական տնտեսություն, ապա որսորդությունը ոչ թե կվնասի, այլ կօգնի երկրին», - ապրիլի 1-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի բնության պահպանության նախարարության հատուկ պահպանվող տարածքների բաժնի պետ Արամ Աղասյանը:

Նրա խոսքերի համաձայն, Հայաստանի Վայոց Ձորի մարզում ստեղծված որսորդական տնտեսությունը կարող է դառնալ Հայաստանում այդ ոլորտի զարգացման լավ օրինակ, թեեւ տնտեսությունում դեռեւս որսորդություն չի արվում, այլ միայն նախապատրաստական աշխատանքներ են տարվում:

Նա ընդգծել է նաեւ, որ վերջին ժամանակներում Հայաստանում նվազել է որսագողությունը, քանի որ արգելոցներն ու ազգային պարկերը ավելի լավ են վերահսկվում:

«Այժմ տարածքների անվտանգությունը վերահսկում են նաեւ օպերատիվ վերահսկիչ խմբերը, որոնք ոչ միայն արձագանքում են կանչերին, այլեւ օր ու գիշեր պահպանում են տեղանքը», - ավելացրել է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Կարեն Մանվելյանը:

Հյուրերն ընդգծել են նաեւ, որ վերջերս Հայաստանում հաստատվել է ֆլորայի եւ ֆաունայի «Կարմիր գրքերի» նոր տարբերակը, եւ քանի որ այդ գրքերում տեղ են գտել բույսերի եւ կենդանիների նոր տեսակներ, ապա դրանց վերացման համար տուգանքները կավելանան: Արամ Աղասյանի խոսքերի համաձայն, Հայաստանում մի քանի տեսակի կենդանիների անօրինական որսի համար տուգանքի չափը հասնում է մի քանի միլիոն դրամի: