1 ապրիլի 2010 - 16:30 AMT
ՀԲԸՄ նախագահ. Որտեղ էլ, որ մենք լինենք, մեր հիմնական տեղն այստեղ է Հայաստանում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր գիության պատվիրակությանը` ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի գլխավորությամբ, տեղեկացնում է կառավարության տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի վարչությունը։

Ողջունելով սփյուռքի մեր հայրենակիցներին` նախագահ Սարգսյանը գոհունակություն է հայտնել, որ նրանք ամեն անգամ ավելի ու ավելի մեծ կազմով են այցելում Հայաստան:

«Ինչքան դուք ավելի ակտիվ լինեք, դրանից մենք միայն ու միայն ուրախ կլինենք»,- ասել է երկրի ղեկավարը` պատրաստակամություն հայտնելով աջակցել ու սատարել նրանց նախաձեռնություններին ու ծրագրերին: ՀՀ նախագահը հայտնի բարերար, ՀԲԸՄ հոգաբարձուների խորհրդի անդամ Նազար Նազարյանին եւ նրա տիկնոջը հանձնել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր:

Անվանի բարերարը հուզմունքով նշել է, որ Հայաստանի անկախությունը իր համար երազի նման մի բան է, եւ ոգեւորված է հայրենիք այցելությունից:

Սերժ Սարգսյանը ցանկություն է հայտնել, որ հնարավորինս արագ Երեւանի կենտրոնում իր դռները բացի Սփյուռքի առանցքային կառույցներից մեկի` Հայկական բարեգործական ընդհանուր միության գրասենյակը:

ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանն իր հերթին ասել է, որ ժամանակի ընթացքում Սփյուռքի կազմակերպություններն աստիճանաբար պետք է դառնան հայաստանակենտրոն: «Որտեղ էլ, որ մենք լինենք, մեր հիմնական տեղն այստեղ է»,-ընդգծել է նա:

Հանրապետության նախագահը եւ ՀԲԸՄ ներկայացուցիչները խոսել են Սփյուռքի ներուժի պահպանման, մայր հայրենիքի ուժեղացման, ազգային նպատակների շուրջ սփյուռքահայության համախմբման, հայապահպանության խնդիրների մասին:

Նշելով, որ հատկապես վերջին տարիներին Հայաստանի հետ հարաբերություններն ու համագործակցությունը շատ ավելի ջերմ են, Բարեգործականի անդամներն ասել են, որ Միությունը շարունակելու է իր աջակցությունը եւ զորավիգ է լինելու նախագահին ու նրա ազգանվեր ծրագրերին: