1 ապրիլի 2010 - 17:00 AMT
Մուրադ Հասրաթյանը. ««Մոսկվա» կինոթատրոնի ամառային կինոդահլիճը քանդելն անիմաստ է»

«Պողոս-Պետրոս եկեղեցու վերականգնման գաղափարը ինքնին ազնիվ է, սակայն եկեղեցին վերականգնել, իրականում, հարավոր չէ, քանի որ մենք ընդամենը տեղեկություն ունենք եկեղեցու մասին, բայց դրան պատկանող ոչ մի քար նույնիսկ չի պահպանվել», - բացատրել է ճարտարապետության դոկտոր Մուրադ Հասրաթյանը` PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում:

Նա նաեւ ընդգծել է, որ լավագույն դեպքում կարելի է 5-6-րդ դարերում կառուցված Պողոս-Պետրոս եկեղեցու նմանությամբ կառուցել նոր եկեղեցի:

«Եկեղեցու կառուցման համար հարմար տեղ չի ընտրվել: Ամառային կինոդահլիճի տեղում պարզապես հնարավոր չէ տեղավորել եկեղեցու նման կառույց: Լավագույն դեպքում այդ տեղում կարող է տեղավորվել փոքրիկ մատուռ: Կարծում եմ, անիմաստ է կինոդահլիճը քանդելը, նույնիսկ եթե այն չգործեր», - ասել է Մուրադ Հասրաթյանը:

Հայաստանի կառավարությունն ընդունել է «Մոսկվա կինոթատրոն» ԲԲԸ տնօրինության առաջարկությունը` Երեւանի Աբովյան 18 փողոցում գտնվող «Մոսկվա» կինոթատրոնի ամառային կինոդահլիճի զբաղեցրած եւ ընկերության սեփականությունը համարվող հողատարածքը անհատույց օտարելու եւ Մայր աթոռ Սբ Էջմիածնին որպես սեփականություն հանձնելու եւ այդ տեղում Սբ Պողոս-Պետրոս եկեղեցի կառուցելու մասին: