6 ապրիլի 2010 - 15:38 AMT
Հայ-թուրքական սահմանի բացումը մահացու է Ադրբեջանի համար

Ստեփան Գրիգորյան. Ռուսաստանը շահագրգռված չէ նրանում, որպեսզի հակամարտությունն արագ լուծվի, իսկ Եվրամիությունը` հակառակը, իսկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չգիտի, թե ինչ անի Հարավային Կովկասում:

Ռազմական գործողությունների վերսկսման վտանգը միշտ կա, և այն պարբերաբար աճում է: Այդ մասին քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը`մեկնաբանելով տարածաշրջանում պատերազմի վերսկսման հնարավորությունը: Նրա խոսքերով, Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները ղարաբաղյան հիմնահարցը ռազմական ճանապարհով լուծելու մասին ոչ մի կապ չունեն ղարաբաղյան հակամարտության հետ, նրանք կապված են հայ-թուրքական գործընթացի հետ: “Եթե հայ-թուրքական սահմանը բացվի, դա մահացու կլինի Ադրբեջանի համար”,- ասել է Գրիգորյանն, ավելացնելով, որ սահմանի բացումը կուժեղացնի Հայաստանին:

Գրիգորյանը նաև ասաց, որ ղարաբաղյան հակամարտությունը չի լուծվի, քանի դեռ գերտերությունների ներկայացուցիչները միասնական համաձայնության չհասնեն այդ հարցում: “Ռուսաստանը շահագրգռված չէ նրանում, որպեսզի հակամարտությունն արագ լուծում ստանա, իսկ Եվրամիությունը` հակառակը, իսկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չգիտի, թե ինչ անի Հարավային Կովկասում”,- ասել է Գրիգորյանը:

Իր հերթին Մանասյանն ասաց, որ առանց գերտերությունների թույլտվության Բաքուն պատերազմ չի սկսի: Նրա խոսքերով, եթե Ադրբեջանը պատերազմն ինքնագլուխ սկսեր, այլ ոչ թե գերտերությունների հրահանգով, ապա նա դա վաղուց կաներ և կհայտնվեր նույն դրության մեջ, որում եղել էր մեկ անգամ: