Հայաստանում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հատուկ բանագնաց Ֆերիդուն Սինիրլիօղլուն, որին ընդունելու են նախագահ Սերժ Սարգսյանը և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Այս իրադարձությունը մեկնաբանել է թուրքագետ Արտակ Շաքարյանը
Ըստ Շաքարյանի, ամենայն հավանականությամբ Սինիրլիօղլուն իր հայ գործընկերների հետ քննարկելու է ապրիլի 12-13-ը ԱՄՆ-ում կայանալիք Սարգսյան-Էրդողան հանդիպման բովանդակությունն ու հնարավոր համատեղ հայտարարության տեքստը: Ուշագրավ է, որ հոկտեմբերի 10-ին արձանագրությունների ստորագրումից ի վեր նա Հայաստան այցելող ամենաբարձրաստիճան պաշտոնյան է:
“Մարտի վերջին Հայաստանում էր թուրք բարձրաստիճան մի պատվիրակություն, որ Հայաստան էր ժամանել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի աջակցությամբ: Այցի ընթցաքում հանդիպմանը մասնակից հայ պաշտոնատար անձնացից մեկը հստակորեն արտահայտել է այն միտքը, որ եթե Թուրքիան մինչև ապրիլի 24-ն ընկած ժամանակահատվածում որևէ քայլ չանի դեպի առաջընթաց կամ գոնե չհայտարարի, որ ներքին խնդիրների պատճառով խնդրում է մի փոքր հետաձգել արձանագրությունների վավերացման հետ կապված գործընթացը, ապա հայկական կողմը հետ կկանչի իր ստորագրություններն արձանագրություններից”,-ասվում է թուրքագետի հայտարարության մեջ:
Արտակ Շաքարյանը նշել է նաեւ, որ Սինիրլիօղլուն շաբաթվա սկզբին ԱՄՆ-ում էր` ամենայն հավանականությամբ ճշտելու Վաշինգտոնի դիրքորոշումը: “Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարարի` Մերձավոր Արևելքի հարցերով խորհրդական դեսպան Սինիրլիօղլուն 2009թ. հուլիսին նշանակվել է ԱԳՆ փոխնախարար: Սինիրլիօղլուն եղել է դեսպան Իսրայելում, որտեղ ակտիվ ներգրավված է եղել իսրայելասիրիական բանակցություններում` որպես միջնորդ”,-ասվում է թուրքագետի մեկնաբանության մեջ: