8 ապրիլի 2010 - 16:48 AMT
Արկադի Տեր-Թադևոսյանը դեմ է տարածքային զիջումներին Ղարաբաղի հարցում

"Ես չեմ կարող պատկերացնել, թե ինչպես կարելի է հանձնել Ղարաբաղի տարածքներն առանց անվտանգության որևէ երաշխիքների",- այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս): Մեկնաբանելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունը Al Watan սիրիական թերթին տված հարցազրույցում` Արկադի Տեր-Թադևոսյանը նշեց, որ քաղաքական գործիչներն իրավունք ունեն նման հայտարարություններով հանդես գալ, սակայն դա բոլորովին չի արտացոլում գոյություն ունեցող իրականությունը: "Ամենայն հավանականությամբ, դա քաղաքական և դիվանագիտական հայտարարություն է, բայց ինձ թվում է, որ զիջումների մասին իրավունք ունի խոսելու մեր հասարակությունը, մեր ժողովուրդը, որովհետև նա է արյուն թափել այդ տարածքների ազատագրման համար",- ասաց գեներալ-մայորը` ավելացնելով, որ ինքը դեմ է ղարաբաղյան հակամարտության հարցում տարածքային զիջումներին: