8 ապրիլի 2010 - 20:18 AMT
Հայկական ֆիլմերը ներկայացվելու են ԱՄՆ-ի, Սինգապուրի և Չեխիայի փառատոններում

Հովհաննես Գալստյանի “Խճճված զուգահեռներ” ֆիլմը ներկայացվելու է ապրիլի 9-18-ը տեղի ունեցող Հյուստոնի միջազգային 43-րդ փառատոնում: Փառատոնի շրջանակներում տեղի է ունենալու հայկական 90-րոպեանոց ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում, հաղորդում է փառատոնի պաշտոնական կայքը:

Իսկ Սինգապուրի միջազգային փառատոնի`ժամանակակից եվրոպական կինոյի ծրագրի շրջանակներում, որը տեղի է ունենալու ապրիլի 15-24-ը, ներկայացվելու է Սուրեն Բաբայանի “Մի նայիր հայելուն” ֆիլմը: Ինչպես հայտնում է pozvezdam.ru-ն, ֆիլմն ընդգրկված է նաև Կարլովի Վարիի (Չեխիա) փառատոնի մրցութային ծրագրում, որը տեղի է ունենալու հունիսի 2-10-ը:

“Խճճված զուգահեռներ”. Հայաստանի, Նորվեգիայի և Ֆրանսիայի համատեղ ֆիլմ, նկարահանվել է 2008-ին ռեժիսոր Հովհաննես Գալստյանի կողմից, որը պատմում է նորվեգացի Հաննի Քնութսենի մասին, որը ժամանակավոր կացարան է տրամադրում փախած ռազմագերի Առաքելին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Իր ապրումներն ու կասկածները կինը սկսում է նկարագրել օրագրում, որը տարիներ անց ընկնում է Երևանի բնակիչ Լաուրայի ձեռքը և փոխում է նրա կյանքը: Հենց որ Լաուրան առաջին անգամ իմանում է ծնողների պատմությունը, նրա կյանք է ներխուժում արգելված սերը:

“Մի նայիր հայելուն” ֆիլմի պրեմիերան Ժան-Պյեռ Նշանյանի գլխավոր դերակատարմամբ կայացել է 2009-ի հոկտեմբերի 2-ին: Ֆիլմը, որի նկարահանումները տևել են 2 տարի, նկարահանվել է Պերճ Զեյթունցյանի համանուն վեպի հիման վրա: