13 նոյեմբերի 2001 - 20:24 AMT
«AMERICAN AIRLINES» ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԴԱՏԱՐ ԻՆՔՆԱԹԻՌԸ ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՆՅՈՒ ՅՈՐՔԻ ՋՈՆ ՔԵՆԵԴԻԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՄՈՏԱԿԱՅՔՈՒՄ
Երկուշաբթի, Նյու Յորքում գտնվող Ջոն Քենեդիի օդակայանից 15 կիլոմետր հեռավորության վրա, վթարի է ենթարկվել «American Airlines» ավիաընկերության «Airbus» A-300 մարդատար ինքնաթիռը: Ինքնաթիռը թռչում էր Բոստոնից Սանտո-Դոմինգո (Դոմինիկյան Հանրապետություն): Օդանավի մեջ գտնվում էին 255 մարդ` 246 ուղեւոր եւ անձնակազմի 9 անդամներ: Ինչպես տեղեկացնում է CNN գործակալությունը, ինքնաթիռն ընկել է Քուինսի շրջանում, որտեղ հրդեհվել է 4 շենք, եւ ենթադրաբար այնտեղ գտնվում էր խոշոր բենզալցակայան:
«Արմինֆո» գործակալությունը տեղեկացնում է, որ Պենտագոնի տվյալներով, ինքնաթիռի անձնակազմը ոչինչ չի հաղորդել օդանավի անսարքության կամ որեւէ պատահարի մասին: Իսկ «American Airlines» ավիաընկերության ներկայացուցիչ Դոնալդ Քարթին հայտնել է, որ 2001 թվականի հոկտեմբերին վթարված ավիալայների տեխզննման ընթացքում անսարքություն չի հայտնաբերվել: Սակայն ԱՄՆ-ի Օդագնացության դաշնային վարչության (FAA) փորձագետը բացառում է ահաբեկչության հնարավորությունը, որը կարող էր վթարի հանգեցնել, տեղեկացնում է «Ananova» գործակալությունը` վկայակոչելով FAA-ի բարձրաստիճան ներկայացուցչին: Ինչպես տեղեկացնում է ABC News գործակալությունը, նրան համամիտ է նաեւ Հետախուզության դաշնային բյուրոյի ներկայացուցիչ Թրեյսի Բելլինջերը: «Տվյալ պահին մենք չենք գտնում, որ դա կարող էր լինել ահաբեկչություն, քանի որ չկա ոչ մի տեղեկատվություն, որը թույլ է տալիս ենթադրել իրադարձությունների զարգացման այդպիսի տարբերակ»:
Նյու Յորքում «American Airlines» ավիաընկերության ինքնաթիռի վթարի ավելի հավանական վարկածներից մեկը, որոշ փորձագետների կարծիքով, համարվում է շարժիչում առաջացած անսարքությունը: Մասնավորապես, այդպիսի կարծիք է հայտնել ABC News գործակալության ավիացիայի խնդիրների գծով խորհրդատու Ջոն Նենսը: «Եթե, ինչպես ականատեսներն են հայտնում, շարժիչից ծուխ է դուրս եկել, ապա դա վկայում է, որ անսարքությունը շատ լուրջ է եղել»,- ասել է Ջոն Նենսը: Լրատվությունը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: