12 ապրիլի 2010 - 11:25 AMT
Տիգրան Սարգսյան. Հայաստանում ՀՆԱ ցուցանիշը 2010-ի առաջին եռամսյակում 2,5 անգամ գերազանցել է կառավարության սպասումները

Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունների համատեղ նիստի ընթացքում ՀՀ վարչապետը նշել է, որ արդեն ավանդույթ դարձած նման նիստերը նպաստում են տնտեսական, մշակութային խնդիրների լուծմանը: Կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանը 2010 թվականի առաջին եռամսյակում գրանցել է տնտեսական բարձր ցուցանիշ, որը 2,5 անգամ գերազանցել է ՀՀ կառավարության սպասումները: Ըստ Տիգրան Սարգսյանի` դա հնարավոր է դարձել տնտեսական ճգնաժամի պայմաններում ճիշտ տնտեսական քաղաքականություն իրականացնելու շնորհիվ: “Ինչպես աշխարհի այլ երկրների, այնպես էլ Հայաստանի տնտեսության համար 2009 թվականը ամենաբարդն էր. արձանագրվեց մասնավոր ներդրումների կրճատում: Հատկապես մեծ հարված հասավ շինարարության ոլորտին, որը վերջին տարիներին մեր տնտեսության շարժիչ ուժն էր: Ճգնաժամն էապես նվազեցրեց ներդրումների հոսքը Հայաստան: Հասկանալի էր, որ ՀՀ կառավարությունը պետք է ձեռնարկեր հստակ միջոցառումներ` ավելացնելով իր կողմից կատարվող ներդրումային ծրագրերը: Մասնավոր ներդրումների ծավալների նվազման պարագայում Հայաստանի Հանրապետությունը որդեգրեց ընդլայնողական քաղաքականություն: Դրան նպաստեց վերջին տասը տարիների ընթացքում իրականացված մակրոտնտեսական գրագետ քաղաքականությունը”,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքով, հենց այդ հանգամանքն էլ հաշվի առնելով` Հայաստանի ռազմավարական գործընկերները օգնեցին Հայաստանի Հանրապետությանը` վարկեր տրամադրելով: Ըստ ծախսային ընդլայնողական քաղաքականության տրամաբանության` հիմնական շեշտադրումն արվել է ենթակառուցվածքների վրա` ճանապարհաշինություն, ոռոգման համակարգի կառուցում, բնակարանաշինություն և այլն: ՀՀ վարչապետի տեղեկացմամբ, միայն անցյալ տարի կառուցվել է 406 կմ ճանապարհ, աղետի գոտում կատարվել է հսկայական ծավալներով բնակարանաշինություն: Այս տարվանից տասնվեց տոկոսով բարձրացվել է կենսաթոշակների չափը, տասներեք տոկոսով` ընտանեկան նպաստներինը: