Ապրիլի 11-ին Դոնեցկի “Մետալուրգն” Ուկրաինայի առաջնությունում հանդիպել է “Իլյիչևցի” հետ և հաղթանակ տարել 4:0 հաշվով: Դոնեցկի ակումբի կազմում իր առաջին պաշտոնական խաղն է անցկացրել Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Արտակ Դաշյանը, նա փոխարինող է եղել երկրորդ խաղակեսի վերջում: Իսկ Հայաստանի հավաքականի մյուս կիսապաշտպանը` Հենրիխ Մխիթարյանը 82-րդ րոպեին խփել է իր հերթական գոլը “Մետալուրգի” կազմում:
Խաղից հետո “Մետալուրգի” գլխավոր մարզիչ Նիկոլայ Կոստովը նշեց, որ խաղն հաջող է ընթացել, և նրա սաները կարողացել են լավ ֆուտբոլ ցուցադրել: “Այսօր մեզ հաջողվեց լավ խաղալ, տղաները լավ տրամադրություն ունեին: Շնորհավորում եմ իմ ֆուտբոլիստներին: Կարծում եմ` մեր թիմն “Իլյիչևցի” թիմից լավն էր: Դա երևում էր դաշտում, արդյունքը նույնպես ակնհայտ է”,- Կոստովի խոսքերը հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Հաղթանակից հետո “Մետալուրգը” 35 միավորով Ուկրաինայի Պրեմիեր Լիգայում զբաղեցնում է 7-րդ տեղը:
“Մետալուրգն” իր հաջորդ խաղն անցկացնելու է ապրիլի 15-ին “Վորսկալի” հետ (Պոլտավա):