13 ապրիլի 2010 - 13:22 AMT
Միշել Սուլեյման. Անընդունելի է փոքր պետությունների կամ ազգերի իրավունքների խախտումը

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Լիբանանի նախագահի նստավայրում հանդիպեց Լիբանանի նախագահ, գեներալ Միշել Սուլեյմանի հետ: Զրուցակիցներն անդրադարձան հայ–լիբանանյան երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային խնդիրներին: Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին, Հովիկ Աբրահամյանը անընդունելի ու դատապարտելի համարեց, որ Թուրքիան դրանց վավերացումը կապում է ԼՂ խնդրի հետ: ՀՀ ԱԺ նախագահի խոսքերով` Հայաստանը ցանկանում է հարեւանների հետ ունենալ բարեկամական հարաբերություններ, բայց դրանք չեն կարող լինել մեր ժողովրդի արժանապատվության հաշվին:

Լիբանանի նախագահը ցանկալի համարեց հարեւանների հետ հարաբերությունների կարգավորումը դիվանագիտական ճանապարհով: Նրա խոսքերով` Լիբանանը գիտակցում է այն ցավը, որին հանգեցնում են տեղահանություններն ու ցեղասպանությունները: Նա անընդունելի համարեց փոքր պետությունների կամ ազգերի իրավունքները խախտելը: Միշել Սուլեյմանը կարեւորեց Հայաստանի ու Լիբանանի համագործակցությունը միջազգային կառույցներում` ի նպաստ Մերձավոր Արեւելքում խաղաղության եւ հայկական հարցի լուծման:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ամենակարեւորը Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքն է, ԼՂ ժողովրդի անվտանգությունը եւ ԼՂ կարգավիճակի հարցը` Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Մնացած հարցերում Հայաստանը կարող է գնալ փոխզիջումների, ասվում է ՀՀ ԱԺ մամլո ծառայության հաղորդագրության մեջ: