ԱԺ փոխնախագահ Արևիկ Պետրոսյանի ղեկավարած ՀՀ ԱԺ պատվիրակությունը 2010 թ. ապրիլի 5-8-ը մասնակցեց Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի և ՀԱՊԿ-ի խորհրդարանական համաժողովի շրջանակներում տեղի ունեցած մի շարք միջոցառումների: Պատվիրակության կազմում էին ԱԺ պատգամավորներ Վահան Հովհաննիսյանը, Արտակ Դավթյանը, Հրայր Կարապետյանը, Էդուարդ Շարմազանովը և Արա Նռանյանը:
Ապրիլի 6-ին հայկական պատվիրակության ղեկավար Արևիկ Պետրոսյանը մասնակցեց ԱՊՀ Միջխորհրդանական վեհաժողովի խորհրդի նիստին: Ապրիլի 7-ին կայացավ Հայրենական մեծ պատերազմի 65-ամյա տարելիցին նվիրված Միջազգային խորհրդարանական համաժողով, որտեղ ելույթ ունեցավ ԱԺ փոխնախագահ Արևիկ Պետրոսյանը: Նա բարձր գնահատեց մարդկային, հոգևոր ու նյութական մեծ կորուստների գնով նվաճած ընդհանուր հաղթանակը: Այդ մեծ հաղթանակի և ֆաշիզմի ջախջախման գործում բազմաթիվ ազգերի շարքում իր նշանակալից ներդրումն է ունեցել նաև հայ ժողովուրդը. Հայրենական պատերազմին մասնակցել է մոտ 600 հազար հայ, որից 300 հազարը զոհվել է պատերազմի դաշտում: Հայ ժողովուրդը մարտական փառքի հիանալի օրինակ է տվել աշխարհին` 3 մարշալ ու մեկ ծովակալ, ավելի քան 80 գեներալ ու փոխծովակալ, 108 հերոս: Մոտ 70 հազար հայեր պարգևատրվել են մարտական շքանշաններով ու մեդալներով: Պատերազմական տարիներին հայ ժողովրդի վաստակը մեծ է եղել նաև թիկունքում, հիմնարար գիտությունների զարգացման և արտադրության կազմակերպման գործում:
Ապրիլի 7-ին Վեհաժողովի քաղաքական, միջազգային համագործակցության հարցերի և պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի օրակարգի չորրորդ` ՙԽորհրդարանների դերը հակամարտությունների կանխման գործում՚ հարցի վերաբերյալ ելույթ ունեցավ Վահան Հովհաննիսյանը: Նրա գնահատմամբ` միջազգային իրավունքի երկու սկզբունքների` տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքների հակասությունն ու դրանց հակադրումը արհեստական է: Տարածքային ամբողջականության սկզբունքը պետք է գործի սուվերեն երկրների միջև` տարածքների բռնակցումը կանխելու նպատակով, իսկ ազգերի ինքնորոշման իրավունքը պետք է կիրառվի բոլոր այն դեպքերում, երբ ճնշված ազգը որոշում է առանձնանալ և ստեղծել սեփական պետությունը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երկրորդ ճանապարհի փայլուն օրինակն է:
Նույն օրը տեղի ունեցավ ՙԵվրոպական անվտանգության ապագան՚ թեմայով Միջազգային խորհրդարանական համաժողովը, որը ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովը կազմակերպել էր ԵԽԽՎ-ի հետ համատեղ: Լիագումար նիստում զեկույցով հանդես եկավ Վահան Հովհաննիսյանը: Նա միջազգային հարաբերություններում անընդունելի համարեց երկակի ստանդարտների կիրառումը տարբեր երկրների և ինքնորոշման իրավունք ունեցող սուբյեկտների, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Նման տարբերակված ու անիրատեսական մոտեցումը բացառում է ոչ միայն հարցի արդարացի լուծումը, այլև անտեսում է ճշմարտությունը: Բանախոսի գնահատմամբ` քանի դեռ արդարացի մոտեցում չի կիրառվում նման հարցերում, խոսք լինել չի կարող անվտանգության հուսալի համակարգի մասին:
Միջազգային խորհրդարանական համաժողովի աշխատանքը շարունակվեց առանձին սեկցիաներում, որտեղ ելույթ ունեցան ԱԺ պատգամավորներ Էդուարդ Շարմազանովը և Արա Նռանյանը:
Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ` եվրասիական և տարածաշրջանային անվտանգության խնդիրը պետք է լուծվի միջազգային նորմերին ու սկզբունքներին համապատասխան և բոլորի համատեղ ջանքերով: Հենց այս խնդրի կարգավորմանն է ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` հարևան Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու մասին հստակ դիրքորոշումը:
ԱԺ պատգամավոր Արա Նռանյանը խոսեց եվրոպական անվտանգության համակարգը բարեփոխելու անհրաժեշտություն մասին: Հաճախ հակամարտությունների կարգավորման սխեմատիկ ու մակերեսային լուծումներ են առաջարկվում` առանց խորամուխ լինելու դրանց ակունքների ու պատճառների մեջ, առանց գիտակցելու ազգերի գոյատևման հիմնական պայմանները: Պրն Նռանյանը նման մոտեցմամբ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը անպտուղ ու վտանգավոր համարեց, ասվում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրության մեջ: