Ապրիլի 13-ին Երևանում Հայաստանի Ազգային գրադարանի ու Հայաստանի գրադարանների Ասոցիացիայի կողմից անցկացվող "Գրադարանների շաբաթվա" շրջանակներում կայացավ "Գիրքը և ես" դպրոցական շարադրությունների գրքի շնորհանդեսը:
Հայաստանի դպրոցներում "Գիրքը և ես" թեմայով շարադրությունների մրցույթ էր հայտարարվել: Բազմաթիվ աշխատանքներից ընտրվեցին 23-ը, որոնք էլ ներգրավվեցին գրքի մեջ: Մրցույթն անցկացվում է ամեն տարի ու սա արդեն նմանատիպ գրքի չորրորդ հրատարակությունն է:
Միջոցառման նպատակն է երիտասարդությանը ընթերցանության մղել, ինչպես նաև պարզել ու մարզային վարչակազմերին ներկայացնել գրադարանների խնդիրները:
Մրցույթին մասնակցում էին Հայաստանի բոլոր մարզերի դպրոցականները:
Ապրիլի 12-19-ը Հայաստանում ընթանում է "Գրադարանների շաբաթը": Արդեն 9-րդ տարին է, ինչ "Գրադարանների շաբաթը" նշվում է Հայաստանի, ԼՂՀ և Սփյուռքի գրադարաններում: Ամեն տարի այս շաբաթվա շրջանակներում կրթական և մշակութային միջոցառումներ են անցկացվում, այդ թվում` գրքահավաք երկրի մարզային գրադարանների գրքային ֆոնդերի համալրման նպատակով: