Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Վաշինգտոնում միջուկային անվտանգության գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ադամ Շիֆի հետ: Զրույցի ընթացքում Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականին` ԱՄՆ կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերի, ինչպես նաև Հայաստանին և Արցախին ցուցաբերած օգնության համար, հայտնում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:
Կալիֆորնիայի կոնգրեսական-դեմոկրատ (29-րդ շրջան) Ադամ Շիֆը Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևի հեղինակներից է, որը հաստատվել է 2010-ի մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի կողմից: Ադամ Շիֆը հանդես է գալիս նաև Լեռնային Ղարաբաղին տրամադրվող մարդասիրական օգնությունը մեծացնելու, Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազական հավասարությունը պահպանելու և “Ազատության պաշտպանության ակտի” 907-րդ ուղղումը պահպանելու օգտին:
“Ազատության պաշտպանության ակտն” ընդունվել է ԱՄՆ-ում 1992թ.հոկտեմբերին` որպես նախկին խորհրդային պետություններին պետական կանոնավոր օգնություն ցուցաբերելու փաստաթուղթ: Համաձայն այդ օրենքի 907-րդ ուղղման, ԱՄՆ կառավարությանն արգելվում է անմիջական օգնություն ցուցաբերել Ադրբեջանի պաշտոնական կառույցներին վերջինիս կողմից Հայաստանի շրջափակման պատճառով: