15 ապրիլի 2010 - 13:44 AMT
Իսլանդիայում տեղի ունեցած հրաբխի ժայթքման պատճառով հետաձգվել է Երևան-Լոնդոն չվերթը

Բրիտանական օդանավակայանները փակվել են Իսլանդիայում հրաբխի ժայթքման հետևանքով: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net-ի թղթակցին British Airways ընկերության հայաստանյան ներկայացուցչությունում, Երևան-Լոնդոն չվերթն անորոշ ժամանակով հետաձգվել է:

The Independent լրատվական գործակալությունը հաղորդում է, որ մոխիրը ծածկել է Շոտլանդիան, Անգլիայի հյուսիսը և շարժվում է դեպի Լոնդոն: Օդերևութաբանների կարծիքով նման իրավիճակը կպահպանվի մի քանի օր, նվազագույնը մինչև ուրբաթ:

Հետևելով օդերևութաբանական ծառայության խորհրդին` NATS օդային տրանսպորտի ազգային կառավարումն այս առավոտ սահմանափակումներ է դրել բրիտանական օդային տարածությունում իրականացվող թռիչքների վրա հրաբուխի ժայթքման հետևանքով: