Թբիլիսահայերի վեհաժողովը (ԹՀՎ) անց է կացնում խորհրդանշական 1915 ստորագրությունների հավաքագրում Վրաստանի նախագահին, խորհրդարանի խոսնակին, խորհրդարանի բոլոր անդամներին անձամբ, ինչպես նաև Վրաստանի բոլոր առաջատար քաղաքական կուսակցություններին հասցեագրված ուղերձի տակ: Թբիլիսիի քաղաքացիները, ինչպես հայեր, այնպես էլ այլ ազգությունների ներկայացուցիչներ, որոնք իրենց ստորագրություններն են դրել այդ ուղերձի տակ, խնդրում են խորհրդարանին առաջիկա նիստում, որը տեղի կունենա ապրիլի 24-ին շեմին, հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը մեր րոպե լռությամբ, քննարկել և ճանաչել Հայոց ցեղասպանության հարցը:
Ապրիլի 14-ին “Հավլաբար” մետրոյի կայարանի մոտ, կազմակերպությունը ստորագրահավաք էր կազմակերպել: Այդ ակցիայի մասին իրազեկվել էին բոլոր լրատվամիջոցները, որոնցից իրադարձությունը լուսաբանելու եկան միայն Ադրբեջանի հեռուստատեսության ներկայացուցիչները: Ստորագրահավաքը կշարունակվի մինչև ապրիլի 18-ը: Երկուշաբթի ԹՀՎ ներկայացուցիչները նամակները կհանձնեն հասցեատերերին, հաղորդում է կազմակերպության մամլո ծառայությունը: Տեղեկանք` Թբիլիսահայերի վեհաժողովում միավորված են մի քանի կազմակերպություններ` Վրաստանի հայ վետերանների միությունը, Վրաստանի հայերի իրավունքների պաշտպանության ասոցիացիան, Համահայկական խաղերի մասնակիցների համաժողովը, Կրթության հանրային խորհուրդը, Վրաստանի հայ երիտասարդների միությունը, “Նոր սերունդը”, ինչպես նաև Թբիլիսիի հայ համայնքի որոշ ներկայացուցիչներ: