18 ապրիլի 2010 - 15:56 AMT
Էլ-Պասոյում Հայոց ցեղասպանության մասին ֆիլմերի ցուցադրություն կկայանա

Էլ-Պասոյի (ԱՄՆ, Տեխաս նահանգ) հայ համայնքի և Գրեգորի Յակուբյանի նախաձեռնությամբ ապրիլի 22-24-ը քաղաքի հանրային գրադարանում Հայոց ցեղասպանության մասին ֆիլմերի ցուցադրություն կկայանա:

Այդ միջոցառումը նվիրված է XX դարասկզբի առաջին ցեղասպանության 95-րդ տարելիցին: Ապրիլի 22-ին կկայանա "Գերմանիան և գաղտնի Ցեղասպանությունը" (Germany and the Secret Genocide) ֆիլմի ցուցադրությունը, որը պատմում է XX դարի սկզբին Հայոց ցեղասպանության իրագործմանը Թուրքիայի դաշնակից Գերմանիայի մեղսակցության մասին:

Ապրիլի 23-ին Էլ-Պասոյում կներկայացվի "Ձայներ լճից" (Voices from the Lake) փաստագրական ֆիլմը: Այն մանրամասն պատմում է Խարբերդ քաղաքում հայերի ոչնչացման մասին: Ֆիլմը հիմնված է ամերիկացի ու եվրոպացի քաղաքական գործիչների, միսսիոներների, ինչպես նաև Ցեղասպանությունը վերապրած հայերի վկայությունների վրա: Իսկ ապրիլի 24-ին կկայանա "Գետը կարմրեց" (The River Ran Red) ֆիլմի ցուցադրությունը: