19 ապրիլի 2010 - 16:02 AMT
Սուրեն Մանուկյան. ԱՄՆ-ն դեռ 1975 թվականին է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Հայաստանն առաջին անգամ բարձրացրեց Հայոց ցեղասպանության հարցը 1965թ. և այդ օրվանից ի վեր այն որոշակի զարգացում է ապրել, սակայն այսօրվա իրավիճակն ամբողջովին տարբերվում է նախորդ փուլերից: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն, պատմաբան Սուրեն Մանուկյանը: Ըստ նրա, Հայաստանն այլևս չպետք է որևէ մեկին ապացուցի Հայոց ցեղասպանության փաստը: “Նույնիսկ այն երկրները, որոնք պաշտոնապես չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը, կասկածի տակ չեն դնում Ցեղասպանության փաստը, այլ անում են դա քաղաքական նկատառումներից ելնելով”,-ասել է Մանուկյանը` հավելելով, որ երկրին արդեն պետք է բարձրացնի Թուրքիայի պատասխանատվության և փոխհատուցման հարցը: Այս համատեքստում նա որպես օրինակ բերել է հրեաների գործունեությունը Հոլոքոսթի ճանաչման և Գերմանիային պատասխանատվության կանչելու առումով: Ընդ որում, նա նշել է, որ երիտթուրքերին արդեն դատել է ռազմական դատարանը 1919թ. և մահապատժի դատապարտել նրանց պարագլուխներին` “Թուրքիային համաշխարհային պատերազմի մեջ ներքաշելու և հայ ժողովրդին ոչնչացնելու համար”:

Ընդ որում, մեկնաբանելով Հայոց ցեղասպանության ճանաչման հվանականությունն ԱՄՆ-ի կողմից, Մանուկյանը, հիմնվելով ԱՄՆ Կոնգրեսի որոշման վրա, որը 1975թ. բանաձև է ընդունել Հայոց ցեղասպանության մասին, ասել է, որ դրանով իսկ ԱՄՆ-ն 1975թ. ճանաչել է Հայոց ցեղասպանությունը”: