2 նոյեմբերի 2001 - 21:54 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԸ ՊՂԾԵԼ ԵՆ ՀՐԵԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆԸ
Օրերս Բաքվում ֆաշիստները պղծել են հրեական գերեզմանատունը: Քանդվել է շուրջ 50 գերեզման: Ինչպես հայտնում է Բաքվի «Էխո» թերթը, այդ ակցիային մասնակցելու մեջ են կասկածվում նման արարքներով հայտնի արմատական իսլսմիստական «Ջեյշուլլահ» խմբավորման անդամները: Նրանց մի մասը ժամանակին դատապարտվել է ծայրահեղական ու ահաբեկչական գործունեության համար, մասնավորապես` ԱՄՆ-ի դեսպանատան պայթեցումը նախապատրաստելու, ինչպես նաեւ հայտնի էքստրասենս Էթիբար Էրքինի սպանության համար: Ադրբեջանի լեռնային հրեաների կրոնական համայնքի վարչության նախագահ Սեմյոն Իհիիլովի խոսքերով` սա առաջին նման դեպքը չէ: Նա ընդգծել է, որ ծայրահեղական արտահայտումները հրեական կրոնական տաճարների նկատմամբ արձանագրվել են նաեւ նախկինում: Դրանք եղել են վիրավորական գրություններն հրեական սինագոգների ճակատային մասում, հակահրեական «որմնանկարները», գրությունները տների պատերին: Հրեական համայնքի ղեկավարության պնդմամբ` ներքին գործերի նախարարը հրահանգ է տվել շուրջօրյա ոստիկանական պահակակետեր տեղադրել սինագոգների հարեւանությամբ եւ վերահսկման տակ վերցնել «ճակատային գեղանկարչությունը»: Իհիիլովի խոսքերով` ստեղծված լարված իրադրությունը թույլ չի տալիս հուսալու, որ գերեզմանատան պղծումը կդառնա վերջին նման հակահրեական արարքը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: