21 ապրիլի 2010 - 14:04 AMT
Հայկ Դեմոյան. Հայոց ցեղասպանության թեման շաղկապված է աշխարհի ժողովրդներից շատերի հիշողության հետ

Հայոց ցեղասպանության հարցը շաղկապված է շատ պատմական թեմաների հետ, և բազում ժողովրդների հիշողությունը, այդ թվում նաև ռուս ժողովրդի հիշողությունը, ներառում է 20-րդ դարի առաջին Ցեղասպանության թեման: Այդ մասին Հայոց ցեղասպանության 95-ամյակին նվիրված Երևան-Մոսկվա “Պատմական հիշողությունն ու ժամանակակից իրողությունները” խորագրով հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: “Երբեմն մենք չափազանց շատ ենք շեշտադրում հարցի քաղաքական կողմը: Իրականում Հայոց ցեղասպանության հարցը առաջին հերթին պետք է դիտարկել մարդասիրական հարթության վրա: Շատ երկրներ և ժողովրդներ, որոնք օգնության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին, դարձան Արևմտյան Հայաստանի տարածքում կատարված այդ վայրագությունների ականատեսները”,-ասել է պատմաբանը: Ըստ Դեմոյանի, ապագա սերունդները պետք է ոչ միայն հարգեն զոհերի հիշատակն ու ողբան նրանց մահը, այլ նաև ներկայացնեն միջազգային հանրությանը այդ պատմական իրադարձության իրական պատկերը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքական կողմին` Հայկ Դեմոյանն ընդգծեց, որ ցեղասպանքության թեման հաճախ շահարկումների առարկա է դառնում: “Հայաստանի ու Ռուսաստանի ընդհանուր հարևանը սովորել է ստեղծել այնպիսի “փաստաթղթեր”, որոնք ընդհանուր ոչ մի բան չունեն ակադեմիական պատմության հետ: Դրան հարկավոր է համարժեք գնահատական տալ”,-ասել է պատմաբանը: Նա կարևորել է Հայոց ցեղասպանության հարցի շուրջ ակադեմիական կոնսենսուսի կարևորությունը` ափսոսանքով նշելով, որ դեռևս աշխարհում կան պատմաբաններ, որոնք ժխտում են Հայոց ցեղասպանության փաստը: