21 ապրիլի 2010 - 19:42 AMT
Յաիր Աուրոն. Իսրայելի պետությունը երկակի ստանդարտներ է կիրառում ցեղասպանությունների հարցում

Իսրայելի պետությունը մի կողմից շարունակում է Հոլոքոստի ժխտման դեմ պայքարը, բայց մյուս կողմից մասնակցում է մեկ այլ ցեղասպանության հերքմանը: Այդ մասին հայտնեց իսրայելցի պրոֆեսոր, պատմաբան Յաիր Աուրոնը` ելույթ ունենալով "Հայաստան-Թուրքիա. ինչպես կարգավորել հարաբերությունները" խորագրով սիմպոզիումի ժամանակ: "Իսրայելը երկակի ստանդարտներ է կիրառում: Նման քաղաքականությունն ամենայն հավանականությամբ կվնասի Հոլոքոստի ժխտման դեմ պայքարին: Յուրաքանչյուրը կհամաձայնի, որ Իսրայելն իրավունք չունի Հոլոքոստը սակարկության առարկա դարձնել, բայց և իրավունք չունի որևէ հանգամանքներում այդպես վարվել այլ ցեղասպանությունների հանդեպ: Իսկ ճիշտ այդպես Իսրայելն իրեն դրսևորում է Օսմանյան կայսրության 1915թ. Հայոց ցեղասպանության առնչությամբ",- ընդգծեց հրեա գիտնականը: Նա ավելացրեց, որ Իսրայելը, մասնակցելով Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությանը, մատնում է Հոլոքոստի հիշատակը: Պրոֆեսորն անդրադարձավ 2007, 2008 և 2009 թվականներին Իսրայելի Քնեսեթում Հայոց ցեղասպանության քննարկման թեմային` ընդգծելով, որ ինչպես և անցյալում, այնպես էլ այս տարի բանաձևը ձախողվելու է, գրում է The California Courier թերթի հրատարակող Հարութ Սասունյանը: