Համաշխարհային տերությունները, չնայած հայ-թուրքական գործընթացը ղարաբաղյան կարգավորման հետ կապելու Թուրքիայի ձգտմանը, բազմիցս պնդել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ու հայ-թուրքական մերձեցումը տարբեր գործընթացներ են: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Շարմազանովի խոսքով, թուրքական կողմի հակասական հայտարարություններից հետո միջազգային հանրությունը պետք է իր եզրակացություններն անի, քանի որ Թուրքիայի դիրքորոշումը Հայաստանի կողմից հայ-թուրքական գործընթացի սառեցման պատճառն է դարձել: "Այդ ամենից հետո տեղին կլինի նաև նշել, որ թուրքական կողմի հայտարարություններն արժեք չեն ներկայացնում, քանի որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վաշինգտոնում հայտարարում է առանց նախապայմանների հայ-թուրքական մերձեցումը շարունակելու պատրաստակամության մասին, իսկ հետո խոսում է ԼՂՀ-ին կից երկու շրջանների հանձնումից հետո միայն սահմանը բացելու մասին",- պարզաբանեց նա: