Հայաստանին և Թուրքիային այս փուլում չհաջողվեց հասնել այնպիսի արդյունքի, որը թույլ կտար վերականգնել երկու հարևան երկրների միջև հարաբերությունները, և դրանով հանդերձ առողջացնել աշխարհաքաղաքական մթնոլորտն Անդրկովկասում, նախադրյալներ ստեղծել տարածաշրջանում կայունությունն ամրապնդելու համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն: Նա հիշեցրել է, որ ապրիլի 22-ին հեռուստատեսային ուղերձի ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ամփոփել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման տևական բանակցությունների անմխիթար արդյունքը և հայտարարել, որ իրավիճակը փակուղի է մտել: “Նա նաև ընդգծեց, որ Հայաստանը միայն կասեցնում է Արձանագրությունների վավերացումը, բայց ետ չի վերցնում իր ստորագրությունը: Այսպիսով Հայաստանի և Թուրքիայի միջև մեկ տարի առաջ սկսված հարաբերությունների կարգավորման հեռանկարը պահպանվում է: Հույս ենք հայտնում, որ երկու երկրներին կհաջողվի հաղթահարել այժմյան բարդ իրավիճակը և պայմաններ ստեղծել հարաբերությունների լայնածավալ կարգավորման համար, որում շահագրգռված են տարածաշրջանի բոլոր պետությունները”,- ասել է ռուս դիվանագետը, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը:
Ապրիլի 22-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված Արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելու մասին: ՀՀ նախագահը հրամանագրով հանձնարարվել է ՀՀ ԱԳ նախարարին տեղեկացնել թուրքական կողմին Արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելու մասին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: