24 ապրիլի 2010 - 15:07 AMT
ՀԱԿ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը քաղաքական, ազգային ու բարոյական պատասխանատվություն է պահանջում ողջ հայությունից

Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի 95-ամյակին: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. “1915թ. Արևմտյան Հայաստանում և ողջ Օսմանյան Թուրքիայում սկսվեց և ի կատար ածվեց մարդկության պատմության ծանրագույն ոճիրներից մեկը՝ իր հազարամյա բնօրրանում ապրող հայության պետականորեն կազմակերպված ոչնչացումն ու արտաքսումը։

1965 թվականից ի վեր Հայաստանում, ավելի վաղ նաև Սփյուռքում, Ապրիլի 24-ը, որպես Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման խորհրդանշական օր, նշում է ողջ հայությունը, ամբողջ աշխարհում։

Անհերքելի իրողությունների, դրանց մասին վկայող տասնյակ հազարավոր փաստերի ու փաստաթղերի, հայ և օտար պատմաբանների ու հրապարակախոս վերլուծաբանների հազարավոր ուսումնասիրությունների շնորհիվ 1970-ական թվականներից ի վեր աշխարհն սկսեց ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղասպանությունը։ Դա Ցեղասպանության արդյունք սփյուռքահայության և հայ ժողովրդի հաղթարշավն էր անսակարկելի պատմական իրողությունը ժխտող թուրքական հզոր պետական քարոզչամեքենայի դեմ”։

“Հայ Ազգային Կոնգրեսը, առաջին իսկ պահից անընդունելի է համարել երկու երկրների հարաբերությունների կարգավորման կարևոր խնդրի լուծման մեջ Ցեղասպանության բացահայտ իրողությունը կասկածի տակ դնող «Պատմաբանների հանձնաժողովի» մասին դրույթը, այն արժանացել է նաև ողջ հայության, մասնավորապես Սփյուռքի կտրական հակազդեցությանը։

Այսօր, հերթական անգամ ոգեկոչելով 1915թ. Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, մենք համոզված ենք, որ այդ հիշատակը ոչ միայն ծիսական խոնարհում ու զգացական միջոցառումներ, այլև քաղաքական, ազգային ու բարոյական գործնական պարտավորություն ու պատասխանատվություն է պահանջում ողջ հայությունից”,-ասվում է կուսակցության հայտարարության մեջ: